Ղուկաս 18․9-17 Հինգշաբթի | Հունվար 30
«Թո՛ւյլ տվեք մանուկներին ինձ մոտ գալ․․․»։ Ղուկ․ 18․16
Ի՞ՆՉ ՀԱՐՑ ԿՏԱՅԻՔ ՀԻՍՈՒՍԻՆ
Առավոտյան նախաճաշի ժամանակ Ջոնն իր զավակներին հետաքրքիր հարց ուղղեց․ «Եթե Հիսուսը հիմա նստած լիներ այս սեղանի շուրջ, ի՞նչ կհարցնեիք Նրան»: Տղաները ոգևորվեցին և սկսեցին մտածել բարդ ու խորիմաստ հարցեր։ Նրանց թվում էր, թե Հիսուսին անհրաժեշտ էր ցույց տալ մաթեմատիկայի ամենադժվար խնդիրները և հարցնել Նրան տիեզերքի անսահմանության մասին։ Բայց նրանց փոքրիկ քույրը մանկական պարզությամբ ասաց․ «Ես պարզապես կխնդրեի, որ Նա ինձ գրկեր»:
Մի՞թե հնարավոր է պատկերացնել, որ Հիսուսը չի սիրել երեխաներին։ Համոզված եմ, որ Նա մեծ սիրով ու ջերմությամբ էր արձագանքում նրանց հարցերին ու խնդրանքներին։ Ես պատկերացնում եմ, թե ինչպես է Նա ժպտում ու զրուցում տղաների հետ, ջերմ գրկաբացությամբ դիմավորում փոքրիկ աղջկան։ Ամենայն հավանականությամբ, Նրան հատկապես կուրախացներ Ջոնի դստեր ցանկությունը, որն արտացոլում է նրա անկեղծ սերը:
Երեխաները լիովին գիտակցում են իրենց անզորությունը և իրենց սրտերում պահում են վստահություն դեպի Հիսուս, ով հզոր է և բարի։ Նա ասում է. «․․․ով Աստծու արքայությունն ինչպես մի մանուկ չընդունի, նա այնտեղ չի մտնի» (Ղուկ. 18․17): Տերը ցանկանում է, որ մենք հասկանանք մեր ծայրահեղ կախվածությունը Նրա շնորհից և ներողամտությունից։ Նա սիրում է խոնարհներին, ովքեր մաքուր սրտով ձգտում են Նրա հետ լինել։
Իսկ դուք ի՞նչ հարցեր կցանկանայիք տալ Հիսուսին։ Մեզանից յուրաքանչյուրն, անշուշտ, ունի իր հարցերը։ Հնարավոր է, որ դուք պարզապես ցանկանում եք լինել ավելի մոտ Նրան։ Այդ դեպքում վազեք Նրան մոտ, և Նա գրկաբաց կընդունի ձեզ։
Արդյո՞ք ունենք այնպիսի հարց, որը ուզում ենք հենց Հիսուսին տալ։
Աղոթք – Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ, որ Քո զավակն եմ, և որ Քո սիրով և կարեկցանքով շրջապատված եմ ամեն օր։ Խնդրում եմ, օգնի՛ր, որ միշտ զգամ Քո ներկայությունը և կարողանամ վստահել Քո առաջնորդությանը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 23-24, Մատթեոս 20․1-16