.
Համագումար ՀԱԵ Երևանի կանանց մասնակցությամբ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին (ՀԱԵ) Երևանի երեք տեղական եկեղեցու (Բաղրամյան 18, ՀԱԹ, «Հույսի Տուն») Սուրբ Գրքի սերտողության կանանց խմբերին հունվարի 25-ին մեկտեղել էր ՀԱԵ ՀԱԹ-ի հյուրընկալ հարկի տակ, որպեսզի միասին փառաբանեն, աղոթեն, սերտեն ու հաղորդակցվեն:

Մոտ 60 քույր նախ հաղորդակցության առիթ ունեցավ հյուրասիրության շուրջ, այնուհետև միաբանվեց պաշտամունքի մեջ: Համագումարի օրակարգը խիտ էր. փառաբանության երգեր, աղոթքներ, վկայություններ այն մասին, թե ինչպես է Աստծո անսահման ողորմության արդյունքում կյանքեր փոխվում:

Օրվա պատգամախոսը ՀԱԵ «Հույսի Տան» Սուրբ Գրքի սերտողության կանանց խմբի պատասխանատու Ժանետ Դեմիրճյանն էր: Պատգամի նյութը Պողոս առաքյալի՝ Եփեսացիներին ուղղված նամակի 5-րդ գլխի 15-17-րդ համարից էր. «Արդ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր վարքին. վարվե՛ք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների. ճի՛շտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ Դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե որն է Տիրոջ կամքը»:  

Մինչ բուն նյութին անդրադառնալը՝ տիկին Դեմիրճյանը կանանց գործնական առաջադրանք տվեց՝ վերհիշել, թե ինչի վրա է ծախսվում օրվա 24 ժամը: Այնուհետև անդրադարձավ Հին և Նոր Կտակարաններում գործածվող «ժամանակ» բառի իմաստներին: Կենցաղային օրինակներով հորդորեց կանանց սթափ գնահատել իրավիճակն ու չլինել անմիտների պես, ովքեր Աստծո շնորհած ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը, վատնում են անիմաստ բաների վրա, այլ Աստծո կամքը փնտրեն իրենց վստահված ժամանակի համար՝ կարդալով, սերտելով, աղոթելով:

Համագումարն ավարտվեց ՀԱԵ ՀԱԹ-ի կողմից պատրաստված հոգևոր խորհրդանշական հուշանվերների հանձնմամբ ու խմբային լուսանկարով:  

Նախորդ
...
X