.
2025թ., Հունվարի 31

Գործք Առաքելոց 20․17-24                                                                    Ուրբաթ   |   Հունվար 31

 

 

Ես Ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծու զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար։ Հռոմ․ 1․16

 

ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ

 

  «Դու գիտե՞ս, որ Հիսուսը քեզ սիրում է։ Նա իսկապես քեզ շատ է սիրում»։ Սա Ջոն Դենիելսի վերջին խոսքերն էին, որոնք նա ասաց կարիքավոր մի անտուն մարդու օգնության ձեռք մեկնելիս։ Բայց հենց այդ պահին նրան վրաերթի ենթարկեցին, և Ջոնը տեղում մահացավ։ Նրա հրաժեշտի արարողության տպագիր թերթիկում գրված էր. «Ջոնի երազանքն Ավետարանի բարի լուրը հնարավորինս շատ մարդկանց հասցնելն էր։ Կիրակի օրը, երբ նա իր սրտացավությունը ցուցաբերեց կարիքավորին, Աստված իրականացրեց նրա այդ ցանկությունը։ Տեղական հեռուստաալիքները պատմեցին նրա մասին իրենց լրատվական թողարկումներում, իսկ Ջոնի հավատի վկայությունը լսեցին ու կիսեցին հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհով մեկ»։

Ջոն Դենիելսը քարոզիչ չէր, բայց լռել չէր կարող։ Նա Քրիստոսի մասին պատմում էր յուրաքանչյուրին, ում հանդիպում էր։ Նրա կյանքն ու վկայությունը հիշեցնում է Պողոս առաքյալին, ով իր ծառայության մասին գրեց Գործք Առաքելոց գրքում․ «Բայց ես իմ կյանքը ոչ մի բանով այդքան արժեքավոր չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ կատարեմ իմ ընթացքը և ծառայությունը, որ Տեր Հիսուսից ստանձնել եմ Աստծու շնորհի Ավետարանը վկայելու համար» (Գործք 20․24): Ջոնը, ինչպես Պողոսը, ապրում էր Ավետարանի համար՝ իր ողջ էությամբ ձգտելով կիսվել Աստծո շնորհի լուրով՝ առանց խնայելու ո՛չ իր ուժերը, ո՛չ իր կյանքը։ Նրա անվախ հավատքը վկայում էր, որ Ավետարանի լույսը չի կարող պահվել ներսում, այլ պիտի ճառագի՝ լուսավորելու ուրիշներին։

Ավետարանի լուրը, որը վկայում է Քրիստոսի միջոցով ներման և նոր կյանքի մասին, այնքան խոր ու հիասքանչ է, որ անհնար է չկիսվել շրջապատի հետ։ Թեև կան հավատացյալներ, ովքեր կարողանում են Ավետարանի ճշմարտությունները ներկայացնել բացառիկ վարպետությամբ, այնուամենայնիվ, Սուրբ Հոգու զորությամբ յուրաքանչյուր ոք, ով իր կյանքում զգացել է Աստծո սիրառատ և փոխակերպող ներկայությունը, ի զորու է կիսվել Նրա սիրո մասին այդ անմահ պատմությամբ։

 

Այսօր մենք մեր շրջապատում  ունենք մարդիկ, ովքեր կարիք ունեն լսելու Քրիստոսի անսահման սիրո և ներման մասին, եկե՛ք համարձակ լինենք և առանց խոչընդոտներին նայելու գնանք ու պատմենք նրանց այդ բարի լուրի մասին։

 

Աղոթք –  Երկնայի՛ն Հայր, ների՛ր ինձ, որ հաճախ պատրաստ չեմ լինում Քո սիրո մասին վկայել և Քրիստոսով նոր կյանքի լուրը փոխանցել շրջապատիս մարդկանց։ 

Օգնի՛ր ինձ համարձակ լինել և տարածել Քո անսահման սիրո բարի լուրը։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 25-26, Մատթեոս 20․17-34