Ա Հովհաննես 3․1-3, 16-24 Շաբաթ | Փետրվար 1
Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք։ Ա Հովհ․ 3․1
ԱՍՏԾՈ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՍԵՐԸ
Կիմը հավաքեց իր պայուսակը, նստեց պատուհանի մոտ և անհամբերությամբ սպասում էր իր հայրիկին։ Ժամանակն անցնում էր, արևը մոտենում էր հորիզոնին, իսկ նրա ոգևորությունը հետզհետե մարում էր. նա գիտակցում էր, որ հայրն այս անգամ էլ չի գա։ Կիմի ծնողներն ամուսնալուծված էին։ Նա միշտ ուրախությամբ ժամանակ էր անցկացնում հոր հետ, սակայն նրա այցելությունները շատ հազվադեպ էին լինում։ Պատուհանի մոտ նստած՝ նա հերթական անգամ մտածում էր. «Հավանաբար ես նրա համար կարևոր չեմ։ Նա ինձ չի սիրում»։ Սակայն, մենք՝ Քրիստոսին ընդունածներս, գիտենք, և հետագայում Կիմն էլ իր անձնական փորձառությամբ հասկացավ, որ թեև մեր երկրային ծնողները կամ այլ մարդիկ կարող են հիասթափեցնել մեզ, մենք ունենք Երկնային Հայր, ով սիրում է մեզ և երբեք չի դավաճանի։
Հովհաննեսը, ով Նոր Կտակարանի երեք նամակի, Ավետարանի և Հայտնության գրքի հեղինակն է, բացահայտում է Աստծո սիրո խորությունը։ Նա իրեն կոչում է «Հիսուսի սիրելի աշակերտ» (Հովհ. 21․20), ում կյանքն արմատապես փոխվեց Քրիստոսի սիրո շնորհիվ: «Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք», – գրում է Հովհաննեսը (Ա Հովհ. 3․1): Այս խոսքերն առիթ են տալիս՝ խորհելու այն սիրո մասին, որը մենք ստանում ենք Աստծուց՝ որպես Նրա սիրելի զավակներ։
Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, ով մեզ համար Իր կյանքը զոհեց (Հովհ. 3․16)։ Նա միշտ պատրաստ է լսել մեր աղոթքները և մեծագույն խոստում ունի. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու» (Եբր. 13․5)։
Մարդիկ երբեմն կարող են հիասթափեցնել մեզ, սակայն կա Մեկը,
Ով երբեք հուսախաբ չի անում:
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ անսահման սիրուդ համար, որ միշտ ինձ հետ ես և երբեք մենակ չես թողնում։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 27-28, Մատթեոս 21․1-22