Սաղմոսներ 31․1-16 Երեքշաբթի | Փետրվար 4
․․․իմ ոտքերը կանգնեցրիր լայնարձակ տեղ։ Սաղմ․ 31․9
ԼԱՅՆԱՐՁԱԿ ՏԵՂ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՋՈՑՈՎ
Երբ աստվածաբան Թոդ Բիլինգսի մոտ հայտնաբերեցին արյան քաղցկեղ, նա մահվան հանդեպ ի հայտ եկած իր զգացողությունն այսպես նկարագրեց. «Կարծես հեռու սենյակներում լույսը հանկարծ սկսեց աղոտ թարթել ու մարեց։ Ես երկու փոքրիկ երեխա ունեմ՝ Նեթին և Նաթանաելը։ Մինչ այդ իմ կյանքը պատկերացնում էի որպես անսահման մի տարածություն՝ լի ապագա տարիներով ու հույսերով։ Մտքիս մեջ պատկերացնում էի, թե ինչպես են իմ երեխաները մեծանում, հասունանում… Բայց ախտորոշումից հետո այդ լայնարձակ տարածությունն անսպասելիորեն փոքրացավ՝ թողնելով ինձ փոքր ու սահմանափակ միջավայրում...»:
Մտորելով այս ամենի շուրջ՝ Թոդն անդրադարձավ Սաղմոս 31-ին, որտեղ Դավիթն ասում է. «․․․իմ ոտքերը կանգնեցրիր լայնարձակ տեղ» (Սաղմ. 31․9): Չնայած իր բազմաթիվ թշնամիներին՝ Դավիթը հավատում էր, որ Աստված իր «զորավոր վեմն» ու «ամուր տունն» է (հ. 2): Այս սաղմոսում նա իր վստահությունն առ Աստված արտահայտում է խոնարհությամբ. «Իմ ժամանակը քո ձեռքին է» (հ. 16):
Դավթի օրինակով Թոդն ապավինեց Աստծուն։ Թեև նրա երկրային կյանքի «տարածությունն» ակնհայտորեն փոքրացել էր, նա հայտարարեց, որ իր ոտքերը կանգնած են «լայնարձակ վայրում»։ Քրիստոսի հաղթանակը մահվան հանդեպ բացել է ամենալայն ու անսահման հորիզոնները, որ կարելի է պատկերացնել։ «Ինչը՞ կարող է ավելի ընդարձակ ու վեհ լինել, քան Սուրբ Հոգու ներգործությամբ Աստծուն ծառայելը»,- գրեց Թոդը՝ ապրելով հավիտենական հույսով ու վստահությամբ։
Մենք նույնպես կարող ենք վշտից լաց լինել, միևնույն ժամանակ վստահելով Աստծուն և աղոթքով խնդրելով Նրան, որպեսզի առաջնորդի ու ուղղորդի մեր ճանապարհը։ Նրա շնորհի միջոցով մեր ոտքերն ամուր կանգնած են «լայնարձակ տեղում»։
Ինչպե՞ս կարող ենք մեր հույսը դնել Աստծո վրա։
Աղոթք – Երկնային Հա՛յր, Դու թույլ տվեցիր, որ Քո՛ Որդին խաչը բարձրանա՝ ինձ փրկելու համար։ Շնորհակալ եմ Քո ընձեռած լայնարձակության համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 34-35, Մատթեոս 22․23-46