Հովհաննես 5.36-40 Չորեքշաբթի | Փետրվար 5
Դուք քննում եք Սուրբ Գիրքը՝ կարծելով, թե դրա մեջ եք գտնելու հավիտենական կյանքը։ Սակայն դա էլ վկայում է իմ մասին: Հովհ. 5.39
ՀԱՅԱՑՔ ԱՌ ՔՐԻՍՏՈՍ
Ջոնն աչքը չէր կտրում իր կողքով ընթացող մոխրագույն մեքենայից։ Մայրուղուց դուրս գալու համար նա պետք է փոխեր երթևեկության գոտին, սակայն ամեն անգամ, երբ փորձում էր առաջ անցնել մոխրագույն մեքենայից, այն նույնպես արագություն էր հավաքում և զուգահեռ ընթանում։ Վերջապես նա կարողացավ առաջ անցնել։ Հաղթանակը նշելով՝ Ջոնը նայեց հետադարձ հայելուն և ինքնագոհ ժպտաց։ Եվ հենց այդ պահին նկատեց, թե ինչպես է անցնում իրեն անհրաժեշտ ելքը։
«Ես այնքան էի կենտրոնացել առաջ անցնելու վրա, որ բաց թողեցի իմ ելքը», - տխուր ժպիտով հիշում է նա։
Նման սխալ կարող է պատահել նաև մեր կյանքում, երբ փորձում ենք քայլել Աստծո ուղիներով։ Երբ Հիսուսը սկսեց Իր ծառայությունը, Իսրայելի կրոնական առաջնորդները մշտապես հալածում էին Նրան՝ հրեական օրենքները խախտելու համար (Հովհ. 5․16)։ Նրանք այնքան էին զբաղված օրենքի մանրակրկիտ ուսումնասիրությամբ ու դրա կատարմամբ, որ չէին տեսնում Նրան, ում մասին այդ օրենքները խոսում էին։ Հիսուսը նրանց դիմեց այս խոսքերով. «Դուք քննում եք Սուրբ Գիրքը՝ կարծելով, թե դրա մեջ եք գտնելու հավիտենական կյանքը։ Սակայն դա էլ վկայում է իմ մասին։ Բայց դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք» (հ․ 39-40): Նրա խոսքերը կարծես արձագանք էին նրանց կուրությանը, հիշեցում այն մասին, որ հոգևոր կյանքի էությունն օրենքները չեն, այլ կենդանի կապն Աստծո հետ։
Ցանկանալով հաճելի լինել Աստծուն՝ հրեաները կենտրոնացել էին Մովսեսի օրենքի պահպանման վրա՝ համոզվելու համար, որ բոլորը նույնպես հետևում են դրան։ Նմանապես, մենք էլ հաճախ կարող ենք խանդավառությամբ լցվել մեր գործած ճիշտ գործերի հանդեպ՝ հաճախել եկեղեցի, ուսումնասիրել Աստվածաշունչը, զբաղվել բարեգործությամբ և նման այլ զբաղմունքներով։ Բայց շատ հաճախ, կենտրոնանալով այս գործերի վրա՝ կարող ենք մոռանալ ամենակարևորը՝ Նրան, հանուն ում այդ ամենն անում ենք՝ Հիսուս Քրիստոսին։
Թող Աստված օգնի մեզ, որ ամեն մի գործում մեր աչքերն ու սրտերը չհեռանան «Հավատքի զորագլխից ու այն կատարողից» (Եբր. 12․2): Որովհետև միայն Նա է «ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը» (Հովհ. 14․6):
Ինչի՞ վրա ենք կենտրոնացած մենք այսօր: Ի՞նչ է նշանակում կենտրոնացնել մեր հայացքն առ Քրիստոս:
Աղոթք – Երկնային Հա՛յր, շնորհակալ եմ, որ Որդուդ միջոցով կյանք տվեցիր ինձ: Օգնի՛ր, որ քրիստոսակենտրոն կյանքով ապրեմ: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 36-38, Մատթեոս 23․1-22