.
2025թ., Փետրվարի 7

Հովնան 2․1-8                                                                                         Ուրբաթ   |   Փետրվար 7

 

 

 

 ․․․ անդունդի ընդերքից աղաղակեցի, և դու լսեցիր իմ ձայնը։ Հովն․ 2․2

 

ԱՆԴՈՒՆԴԻ ԽՈՐՔԻՑ

 

Հարիսոնն օվկիանոսի հատակից աղաղակում էր Աստծուն փրկության համար։ Անսպասելի ալիքը շրջեց նրա նավը Նիգերիայի ափերի մոտ, և այն հաշված րոպեների ընթացքում սուզվեց։ Անձնակազմի մնացած անդամները զոհվեցին, իսկ Հարիսոնը, Աստծո ողորմությամբ,  նավախցում գտավ օդային բարձիկ, որի շնորհիվ փրկվեց։ Որպես հավատացյալ՝ նա հիշում էր սաղմոսները, մտածում իր ընտանիքի մասին և աղոթում փրկության համար։ Երեք օր շարունակ նա մնաց խավարի մեջ, որտեղ թանձր մութը, լռությունն ու սպասումը միախառնվել էին։ Եվ ահա, երրորդ օրը լույսի մի ճառագայթ հայտնվեց՝ ջրասուզակի լապտերի լույսը։ Երբ փրկարարը տեսավ Հարիսոնի շարժվող ձեռքը, կարկամեց, բայց շուտով հասկացավ, որ հրաշք է կատարվել։ Աստված լսեց Հարիսոնի աղոթքը և նրան փրկություն շնորհեց։

Այս պատմությունը զարմանալիորեն հիշեցնում է Հովնան մարգարեի կյանքի ծանր փորձությունը։ Հովնանը նույնպես հայտնվեց անդունդում՝ «ծովերի սրտի մեջ» (Հովնան 2․4)։ «Իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի, և նա ինձ պատասխանեց. անդունդի ընդերքից աղաղակեցի, և դու լսեցիր իմ ձայնը»,- վկայում է մարգարեն (Հովն․ 2․2): Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում էր և փրկվեց շնորհիվ Աստծո ողորմածության, Ով չի լքում մեզ, նույնիսկ երբ թվում է, թե անդունդի խորքում ենք։

Մենք երբեք չենք իմանա, թե ինչու հենց Հարիսոնին վիճակվեց փրկվել, մինչ նրա ընկերները զոհվեցին ծովի ալիքներում։ Բայց մի բան վստահ կարող ենք ասել՝ Աստված լսում է մեր ամենահուսահատ աղոթքները և սիրում է մեզ անսահման սիրով։ Մահը վերջը չէ։ Հիսուս Քրիստոսն իջավ մահվան խորքերն ու խավարի գրկում երեք օր կրեց անսահման տառապանք, որպեսզի մեզ կյանք պարգևի։ Եթե զգանք, որ խորտակվում ենք մեր դժվարությունների անդունդում, աղոթենք, քանի որ Աստված ողորմած է։

 

Ի՞նչ իրավիճակների ենք բախվում մեր կյանքում, որոնք հուսահատության պատճառ են դառնում: Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել դրանք:

 

Աղոթք – Երկնային Հա՛յր, շնորհակալ եմ, որ Դու գիտես իմ հուսահատության խորքերն ու անդունդները։ Լսի՛ր իմ աղոթքները և մխիթարություն ու խաղաղություն պարգևիր։ Ամեն։









Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 1-3, Մատթեոս 24․1-28