Գործք Առաքելոց 23․10-13 Շաբաթ | Փետրվար 8
Հաջորդ գիշեր Տերը կանգնեց նրա մոտ ու ասաց. «Քաջալերվի՛ր, Պողո՛ս․․․»։ Գործք․ 23․11
ՔԱՋԱԼԵՐՎԵ՛Ք
Եկեղեցու հովիվը, հաղթահարելով ներսում բորբոքված հուզմունքը, ծանր քայլերով մոտեցավ ամբիոնին։ Նրա ներսում պայքար էր՝ խոսե՞լ, թե՞ լռել։ Նա պատրաստվում էր բարձրաձայնել ճշմարտությունը՝ դատապարտելով իր երկրի կառավարության պատերազմական գործողությունները հարևան ժողովրդի դեմ։ Հովիվը չգիտեր, թե ինչ հետևանքներ կունենար այդ քայլին դիմելը, բայց խիղճը չէր թողնում ետ կանգնել։ Նա կանգնեց, նայեց մարդկանց աչքերին ու, խորը շունչ քաշելով, ասաց. «Մեր ամենամեծ կոչումն այն է, որ գործենք այնտեղ, որտեղ Աստված է մեզ դրել։ Թեկուզ մեր հնարավորություններն ու ազդեցության սահմանները փոքր լինեն, պարտավո՛ր ենք անել այն, ինչ մեզ վստահված է»։
Մեզնից յուրաքանչյուրն ունի իր ազդեցության շրջանակը՝ ընտանիք, աշխատավայր, ընկերական միջավայր։ Թեև թվում է, թե այդ շրջանակներում Քրիստոսի մասին խոսելը մեծ վտանգ չի ներկայացնում, սակայն դա երբեմն կարող է պահանջել համարձակություն։
Բայց որտե՞ղ գտնել այն համարձակությունը, որը կօգնի չլռել։ Պողոս Առաքյալն իր քարոզչության ընթացքում բազմիցս բախվեց դիմադրության և վտանգի առաջ կանգնեց։ Մի անգամ զայրացած ամբոխը պատրաստ էր նրան պատառ-պատառ անել (Գործք 23․10), իսկ ավելի ուշ հրեաներից ոմանք հավաքվեցին և հայտարարեցին, որ մինչև Պողոսին չսպանեն, ո՛չ կուտեն և ո՛չ էլ կխմեն (հ․12)։ Սակայն նույնիսկ այդ փորձությունների մեջ Պողոսը չշեղվեց իր առաքելությունից, որովհետև վստահում էր Աստծո զորությանը։
Եվ ահա, գիշերը, Տերը երևաց Պողոսին ու ասաց. «Քաջալերվի՛ր, Պողո՛ս» (հ․11)։ Որքա՜ն տպավորիչ է այս պահը․ Աստված, ով երբեք չի լքում Իր ծառաներին, այժմ կանգնած է Պողոսի կողքին՝ սփոփելու և զորացնելու նրան։ Տերը հայտնում է, որ շուտով Պողոսի առաքելության ուղին կփոխվի, բայց Իր ներկայությունը կմնա անփոփոխ, նույնքան մոտ ու նույնքան հուսալի։
Ամեն պարագայում Տերը միշտ մեր կողքին է, Նրա ներկայությունը տալիս է խաղաղություն ու համարձակություն։
Կարևոր է վստահություն ունենալ, որ Աստված բոլոր իրավիճակներում մեզ հետ է:
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ հասկանալ, թե որքան մոտ ես ինձ։ Թող Քո անփոփոխ ներկայությունը տա ինձ համարձակություն՝ անկախ նրանից, թե ինչ դժվարությունների կհանդիպեմ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 4-5, Մատթեոս 24․29-51