.
2025թ., Փետրվարի 9

Եփեսացիներին 2․11-18                                                                 Կիրակի   |   Փետրվար 9

 

 

 

Եկավ, խաղաղություն ավետարանեց և՛ ձեզ, որ հեռու էիք նրանից, և՛ ձեզ, որ մոտ էիք նրան։ Եփես․ 2․17

 

ՀԻՍՈՒՍԸ ՄԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ Է

 

Ջոնը տխրությամբ նայեց Սեմի՝ սոցիալական ցանցում տեղադրած վերջին լուսանկարին։ Լուսանկարում եկեղեցու տաս ընկերներն էին՝ սրճարանում նստած: Նրանք արդեն երկրորդ անգամ էին հիանալի ժամանակ անցկացնում առանց իրեն։ Ջոնը սրբեց արցունքները։ Նա միշտ չէ, որ կարողանում էր ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ։ Շատ տարօրինակ է լինել մի եկեղեցում, որտեղ մարդիկ իրենց շրջանակի մեջ չեն ընդգրկում բնավորությամբ մի քիչ տարբեր մյուս անդամներին։

Հիսուսը ցանկանում էր հավատացյալների միջև միասնություն հաստատել, և եկավ՝ վերացնելու բոլոր այն պատնեշները, որոնք բաժանում են մարդկանց։ Եկեղեցու հիմնադրման առաջին իսկ օրերից մարդիկ, ովքեր չէին կարողանում համաձայնության գալ միմյանց հետ, պետք է ընդհանուր լեզու գտնեին Քրիստոսով։ 

Իսրայելացիները հեթանոսներին իրենցից ցածր էին դասում, քանի որ վերջիններս չէին պահում Մովսեսի օրենքը, իսկ հեթանոսներն ատում էին իսրայելացիներին, քանի որ նրանք իրենց բարձր էին համարում մյուսներից։ Սակայն Հիսուսը համախմբեց երկուսին՝ ոչնչացնելով թշնամանքն իր մարմնով, իսկ հրահանգների և պատվիրանների օրենքը փոխարինելով ուսմունքով (Եփես. 2․14-15)։ 

Հիսուսը «խաղաղություն ավետարանեց բոլորին՝ և՛ հեռու, և՛ մոտ եղողներին» (հ․7): Նա նույն փրկության լուրը բերեց, բայց տարբեր կերպ՝ իսրայելացիներին պետք էր հասկանալ, որ նրանք, որքան էլ որ իրենց լավը համարեն, երբեք չէին կարող գերազանցել մյուսներին, իսկ հեթանոսներին պետք էր հավատալ, որ նրանք նույնպես արժանի են Աստծո սիրուն։ Երկուսն էլ պետք է դադարեցնեին կենտրոնանալ իրենց անձի վրա և պետք է համախմբվեին Քրիստոսի մեջ՝ միասնաբար ձևավորելով նոր մարդ՝ խաղաղություն բերելով և՛ իրենց, և՛ մյուսներին։

Ցավալի է ու նաև սխալ, երբ մեզ անտեսում են, բայց նույնիսկ այդ իրավիճակում մենք կարող ենք ուժ գտնել Քրիստոսում և խաղաղություն տարածել, որովհետև Նա է մեր խաղաղության աղբյուրը։

 

Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր խաղաղությունը, երբ մեզ անտեսում ու արհամարհում են։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, երբ մարդիկ երես են թեքում ինձնից, օգնիր ինձ լցվել այն խաղաղությամբ, որ տալիս ես Քո Որդու միջոցով: Ամեն։




Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 6-7, Մատթեոս 25․1-30