.
2025թ., Փետրվարի 10

Սաղմոսներ 13                                                                    Երկուշաբթի   |   Փետրվար 10

 

 

 

Նայի՛ր, պատասխա՛ն տուր ինձ, ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, լուսավորի՛ր իմ աչքերը, որ չննջեմ մահվան մեջ։ Սաղմ․ 13․3

 

ԵՐԲ ԴԺՎԱՐ Է ՓԱՌԱԲԱՆԵԼ ԱՍՏԾՈՒՆ

 

Կիրակնօրյա պաշտամունքի ավարտին եկեղեցում հնչեց փառաբանության վերջին օրհներգը, որի խոսքերը կարծես վերահաստատում էին Աստծո անսասան հավատարմությունը․ «Դու երբեք չես թողնի»։ Շրջվելով տեսա ընկերուհուս՝ աչքերն արցունքներով լի։ «Ինչպե՞ս կարող եմ սա երգել», - հազիվ լսելի ասաց նա։ Նրա կյանքում ամեն բան փուլ էր գալիս, չնայած անկեղծ աղոթքներին ու Աստծուն հավատարիմ մնալուն։ Նրա սիրտը լի էր հուսահատությամբ, իսկ Աստված, թվում էր, լուռ է։ Այն պահին, երբ բոլորը երգում էին Աստծո հավատարմության մասին, նա կարող էր միայն կրկնել սաղմոսերգուի տառապալից խոսքերը․ «Ո՜վ Տեր, մինչև ե՞րբ ես մոռանալու ինձ բոլորովին, մինչև ե՞րբ ես թաքցնելու քո երեսն ինձնից» (Սաղ. 13:1)։

Շատ սաղմոսներ, այդ թվում և Սաղմոս 13-ը, լցված են տարբեր խոստովանություններով, հուսահատ աղաղակներով ու տառապանքի նկարագրություններով։ Այս սաղմոսում Դավիթն իր հոգու խորքում պայքար է մղում, որտեղ թվում է, թե հույսը մարում է, սակայն իրականում դա վկայում է հենց նրա խոր հավատքի մասին։ Մարդ չի կարող այդքան անկեղծ լինել Աստծո առջև, եթե սրտում հավատ չունենա։ «Նայի՛ր, պատասխա՛ն տուր ինձ, ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ», - աղերսում է Դավիթը (հ․3)։ Հաճախ միայն այն ժամանակ կարող ենք կրկին լցվել Նրա սիրո ցնծությամբ և փրկությամբ, երբ ամբողջությամբ բացենք մեր սիրտն Աստծո առաջ, մեր տրտմությունն ու հուսահատությունը Նրան հանձնենք (հ․ 5)։ 

Եկե՛ք չխուսափենք Աստծուն պատմել մեր ապրումների մասին։ Անկեղծ լինենք։ Խնդրենք Նրա օգնությունը, որը միայն Նա կարող է տալ։ Հիշելով Նրա անսահման ողորմությունը, կարող ենք միանալ Դավթին՝ ասելով. «Ես պիտի երգեմ Տիրոջը, որ բարություն արեց ինձ» (հ․ 6)։

 

Ի՞նչն է այսօր խանգարում մեզ լիաժեք փառաբանել Աստծուն։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, Քեզ եմ հանձնում իմ հոգնած ու անհանգիստ սիրտը։Շնորհի՛ր ինձ խաղաղություն, որպեսզի կարողանամ փառաբանել քեզ: Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 8-10, Մատթեոս 25․31-46