Եզեկիել 34․11-16 Երեքշաբթի | Փետրվար 11
Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես ինքս եմ փնտրելու իմ ոչխարներին և որոնելու եմ նրանց»։ Եզեկ․ 34․11
ԱՍՏՎԱԾ ՓՆՏՐՈՒՄ Է ՄԵԶ
Տարիներ շարունակ Էվանը պայքարում էր իր կախվածությունների դեմ, որոնք անընդհատ խանգարում էին նրան մոտենալ Աստծուն։ «Արդյո՞ք ես արժանի եմ Նրա սիրուն»,- մտորում էր Էվանը, և ամեն անգամ, երբ մասնակցում էր պաշտամունքներին, զգում էր, որ մի պատնեշ կա իր և Աստծո միջև, և այդ բաժանումն անհաղթահարելի էր թվում։ Սակայն, երբ անկեղծորեն աղոթում էր, Աստված նրան պատասխանում էր՝ նաև շրջապատի մարդկանց միջոցով խրախուսելով ու մխիթարելով երիտասարդին դժվար ժամանակներում։ Տարիների ընթացքում Էվանը սկսեց գիտակցել, որ Աստված միշտ եղել է իր կողքին, Նրա հոգածությունը երբեք չի լքել իրեն, Նա սիրող ու ներող Աստված է։ «Այժմ ես գիտեմ, որ արժանի եմ Աստծո սիրուն և ներմանը, ուստի կարող եմ ավելի համարձակ մոտենալ Նրան՝ չնայած դեռ պայքարում եմ իմ կախվածությունների դեմ», - ասում է նա։
Եզեկիելի գրքում մարգարեն պատմում է, թե ինչպես է Աստված փնտրում Իր ժողովրդին (Եզեկ. 34․11-16): «Ահա ես ինքս եմ փնտրելու իմ ոչխարներին և որոնելու եմ նրանց», - ասում է Նա՝ խոստանալով փրկել Իսրայելի ժողովրդին և հոգ տանել նրանց մասին (հ. 11)։ Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ կառավարիչները լքեցին նրանց, և նրանք էլ հեռացան Աստծուց (հ․1-6)։ Չնայած մենք հաճախ կարող ենք հայտնվել դժվարությունների մեջ կամ կրել մեր մեղքերի հետևանքները, սակայն Աստված երբեք չի լքում մեզ։ Նրա ողորմությունն ու շնորհը միշտ ուղեկցում են մեզ, նա մշտապես սպասում է մեր վերադարձին։ Երբ գիտակցենք, որ հեռացել ենք Աստծուց, կարող ենք նույն պահին վերադառնալ Նրա մոտ ու ապրել Իր կամքի համեմատ։
Աստված սիրում և հոգ է տանում մեզ համար, ամուր կառչած մնանք Նրանից:
Աղոթք – Հա՛յր, շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ՝ անկախ իմ խնդիրներից և կասկածներից։ Սովորեցրո՛ւ ինձ վստահել Քո սիրուն և հոգատարությանը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 11-12, Մատթեոս 26․1-25