Եսայի 55․8-12 Չորեքշաբթի | Փետրվար 12
«Արդարև, իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն իմ ճանապարհները չեն»,- ասում է Տերը։ Եսայի 55.8
ՄԵՐ ԵՎ ԱՍՏԾՈ ԾՐԱԳՐԵՐԸ
Տարիներ առաջ ամուսինս պատրաստվում էր մեկնել Աֆրիկա՝ միանալու եկեղեցու մի խումբ հավատացյալների միսիոներական ծառայությանը։ Ամեն ինչ պատրաստ էր, սակայն վերջին պահին թռիչքը չեղարկվեց և նրանց արգելեցին մեկնել Աֆրիկա։ Հիասթափությունը մեծ էր, բայց հուսահատության փոխարեն նրանք որոշեցին բարին գործել. գումարը, որ հավաքել էին ճանապարհի, կեցության և սննդի համար, նվիրաբերեցին այն մարդկանց, ում պատրաստվում էին ծառայել։ Այդ միջոցներով կառուցվեց ապաստարան բռնության զոհերի համար, որտեղ նրանք կարող էին գտնել խաղաղություն, պաշտպանություն և նոր կյանք սկսելու հնարավորություն:
Վերջերս ամուսինս հանդիպեց մի մարդու, ով ապրում էր հենց այն գյուղում, ուր տարիներ առաջ պատրաստվում էին մեկնել։ Պարզվեց, որ դպրոցի ուսուցիչներից մեկն է։ Զրույցի ընթացքում նա պատմեց, որ մեր եկեղեցու նվիրաբերած միջոցներով կառուցված շինությունն այսօր էլ ծառայում է իր նպատակին՝ դառնալով ապաստան ու հույս նրանց համար, ովքեր կարիք ունեն Աստծո սիրո ու հոգատարության։
Մեր ծրագրերն ու ցանկությունները միշտ չէ, որ համընկնում են Աստծո կամքի հետ։ Նրա ճանապարհներն անքննելի են, խորհուրդները՝ անհասանելի մարդկային մտածողությանը (Ես․ 55․8)։ Հենց այդ ամենն էլ ապահովում են ամենայն բարիք մեզ համար (հ. 9)։
Երբեմն թվում է, թե մեր ջանքերն իզուր են անցնում, իսկ սպասելիքները՝ մնում չիրականացված։ Սակայն Աստված գործում է Իր ժամանակին ու Իր ձևով։ Հնարավոր է՝ տարիներ անց միայն հասկանանք, թե ինչպես են մեր կյանքի իրավիճակները հյուսվել Նրա կամքի համաձայն։ Մինչ այդ, պետք է շարունակենք վստահել Նրան, տարածել Ավետարանի բարի լուրը և հիշել՝ Տերը չի դադարում գործել, անգամ երբ մենք դեռ չենք տեսնում Նրա ծրագրերի իրագործումը (հ. 11)։
Մենք հաճախ ենք հիասթափություններ ունենում։ Թույլ տանք, որ Աստված օգտագործի այդ իրավիճակները՝ մեզ սովորեցնելու և զորացնելու համար:
Աղոթք – Տե՛ր, Դու ամեն ինչ գիտես։ Երբ ես չեմ հասկանում կյանքիս մեջ տեղի ունեցող իրադարձությունների իմաստը, օգնի՛ր ինձ ամբողջ սրտով վստահել Քեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 13, Մատթեոս 26․26-50