.
2025թ., Փետրվարի 13

Թվեր 6․22-27                                                                               Հինգշաբթի   |   Փետրվար 13

 

 

Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա ու ողորմի քեզ։ Թվ․ 6․25

 

ՄԵՆՔ ՄՈՌԱՑՎԱԾ ՉԵՆՔ

 

«Երբեմն ինձ թվում է, թե ես անտեսանելի եմ դարձել»,- հուսահատված լալիս էր Ջոաննան՝ իր մտերիմ ընկերուհու հետ կիսվելով։ Ամուսինը լքել էր նրան ու փոքր երեխաներին՝ մեկ այլ կնոջ հետ հարաբերություններ սկսելով։ «Ես տվել եմ նրան իմ լավագույն տարիները, իսկ հիմա չգիտեմ՝ արդյոք կհայտնվի՞ ինչ-որ մեկը, ով երբևէ կկանգնի իմ կողքին»,- հուսահատված ասում էր նա։

«Շատ եմ ցավում, ես գիտեմ՝ ինչ ես զգում,- սկսեց Ջոաննային մխիթարել նրա ընկերուհին,- հայրիկս թողեց մեզ, երբ ես դեռ վեց տարեկան էի, և այդ ժամանակ բոլորս շատ դժվարությունների միջով անցանք, մանավանդ՝ մայրս։ Բայց երբ նա ինձ քնեցնում էր, հաճախ ասում էր մի արտահայտություն, որը մինչև այսօր հիշում եմ. «Աստված երբեք չի փակում Իր աչքերը»: Նա նկատի ուներ, որ Աստված միշտ ինձ հետ է և հսկում է ամեն բան՝ նույնիսկ այն պահին, երբ ես քնած եմ: Նա երբեք չի լքի ինձ»։

Երբ իսրայելացիները մոլորված էին Սինայի անապատում, Աստված Մովսեսին հանձնարարեց օրհնության մի գեղեցիկ խոսք փոխանցել իր ժողովրդին. «Տերը օրհնի քեզ ու պահպանի քեզ։ Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա ու ողորմի քեզ։ Տերը բարեհաճ լինի քո հանդեպ և խաղաղություն տա քեզ» (Թվ. 6․24-26): Սա այն օրհնությունն էր, որը քահանաները պետք է հնչեցնեին ժողովրդի համար, որպեսզի նրանք զգային Աստծո ներկությունը և Նրա անսահման սիրո պաշտպանությունը:

Կյանքի անապատում, երբ դառնում ես անտեսանելի և սկսում մտածել, թե չկա մեկը, ով կհասկանա քո ցավը, Աստված մնում է հավատարիմ։ Նրա ողորմությունն ու հավատարմությունն անսասան են նրանց համար, ովքեր Իրեն սիրում են: Նույնիսկ, եթե մեր ցավը խանգարում է զգալ Նրա ներկայությունը, նույնիսկ, եթե մենք չենք տեսնում Աստծուն, կա շատ ավելի կարևոր մի բան. Աստված միշտ տեսնում է մեզ։

 

Աստված երբեք չի փակում Իր աչքերը:

 

Աղոթք – Շնորհակալություն, Հա՛յր, որ տեսնում ես, գիտես ու սիրում ես ինձ։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 14, Մատթեոս 26․51-75