.
2025թ., Փետրվարի 14

Ա Կորնթացիներին 13․4-13                                                               Ուրբաթ   |   Փետրվար 14

 

 

Սերը երբեք չի վերջանում։ Ա Կորնթ․ 13․8

 

ՄԻԱՎՈՐՎԵԼ՝ ՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Մերեդիթի պսակադրության ընթացքում նրա մայրն ընթերցեց մի առանձնահատուկ հատված Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 13-րդ գլխից։ Այս խոսքերը, որոնք հաճախ անվանում են սիրո օրհներգ, այնքա՜ն ներդաշնակ էին օրվա ջերմ ու հուզիչ մթնոլորտին. «Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում․․․» (Ա Կորնթ. 13․4)։ Լսելով այս տողերը՝ ակամա մտորում էի. արդյո՞ք այսօր ամուսնացող զույգերը գիտեն, թե ինչն է մղել Պողոս առաքյալին գրել այս խորիմաստ ու գեղեցիկ խոսքերը։ Չէ՞ որ նա չէր ձոնում սիրային պոեզիա. այս խոսքերը ծնվել էին եկեղեցու ներսում առաջացած բաժանումները հարթելու և հավատացյալներին իսկական սիրո ուժը հիշեցնելու մղումով։

Կորնթոսի եկեղեցում տիրող իրավիճակը կարելի էր բնորոշել մեկ բառով՝ քաոս։ Ինչպես նշում է Պողոս առաքյալի  նամակներին անդրադարձող ժամանակակից գիտնական Դուգլաս Քեմփբելը, այնտեղ ամեն ինչ խառնաշփոթի էր մատնված։ Հավատացյալները բաժանվել էին խմբավորումների, տիրում էր անբարոյականությունը, իսկ փոխադարձ դատական հայցերը սովորական երևույթ էին դարձել։ Նույնիսկ աղոթաժողովները խաղաղության ու միասնության վայր լինելու փոխարեն վերածվել էին մրցակցության․ լեզուներով աղոթողները փորձում էին միմյանց ձայնը խլացնել, մարգարեացողները՝ բոլորը միաժամանակ խոսում էին՝ փորձելով ուշադրության ու հեղինակության հասնել (Ա Կորնթ. 14)։

Քեմփբելն այս քաոսի արմատը տեսնում է մի պարզ ճշմարտության մեջ՝ մարդիկ պարզապես չէին կարողանում սիրել միմյանց։ Նրանք պայքարում էին հեղինակության համար, մրցում էին, բաժանվում խմբերի, և այդ ամենի մեջ մոռանում էին ամենագլխավորը՝ սերը։ Պողոսը, տեսնելով այս ամենը, ցույց է տալիս նրանց մի ճանապարհ, որը բարձր է ամեն բանից. «Ես էլ լավագույն ճանապարհը ցույց կտամ ձեզ» (Ա Կորնթ. 12․31)։ Եվ այդ ուղին սերն է։ «Սերը երբեք չի վերջանում. մարգարեությունները կանհետանան, լեզուները կլռեն, գիտությունը կխափանվի» - գրում է առաքյալը (Ա Կորնթ. 13․8)։

Այս խոսքերը հաճախ լսվում են պսակադրությունների ժամանակ՝ դառնալով օրհնություն նորապսակների համար։ Սակայն դրանք միայն ամուսնության մասին չեն։ Պողոսի այս պատգամը կոչ է բոլորիս՝ ձգտելու ճանաչել ու ապրել այն սիրով, որով Աստված է սիրում մեզ։

 

Ինչպե՞ս կարող ենք պարզությամբ և անկեղծությամբ ընդունել Աստծո սերը մեր կյանքի մեջ, և ինչպե՞ս կարող ենք արտահայտել այդ սերը մեր փոխհարաբերություններում։

 

Աղոթք – Տե՛ր, Քո սերը երբեք չի վերջանում։ Ուղղորդի՛ր ինձ, որ կարողանամ մարդկանց հանդեպ դրսևորել նույն անշահախնդիր և ջերմ սերը, որով Դու ես սիրում ինձ։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 15-16, Մատթեոս 27․1-26