Մատթեոս 7․7-12 Կիրակի | Փետրվար 16
Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց․․․։ Մատթ․ 7․12
ԱՐՏԱՑՈԼԵ՛Ք ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԸ
1939-1940 թթ․ ԽՍՀՄ-ի և Ֆինլանդիայի միջև պատերազմի ժամանակ ֆինլանդացի մի զինվոր վիրավորված պառկած էր մարտի դաշտում։ Երբ ռուս զինվորը հրացանը ձեռքին մոտեցավ նրան, վերջինս մտածեց, որ իր կյանքը հասավ ավարտին, սակայն, մոտենալուն պես, ռուս զինվորը հրացանը մի կողմ դրեց, և փոքր-ինչ խոնարհվելով, նրան մեկնեց առաջին օգնության համար նախատեսված պայուսակը։ Հետագայում իրավիճակը կրկնվեց, բայց դերերը փոխվեցին. Ֆինլանդացի զինվորականը տեսավ անօգնական վիճակում գտնվող վիրավոր ռուս զինվորին և, հիշելով իր հետ պատահածը, առանց երկմտելու հանեց առաջին օգնության համար նախատեսված պայուսակն ու փոխանցեց նրան։
Հիսուս Քրիստոսը մեզ տվեց կարևորագույն օրենքը․ «Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց․․․» (Մատթ․ 7․12)։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան կփոխվեր աշխարհը, եթե հավատացյալները հետևեին այս պարզ կանոնին: Իսկույն ակնհայտ կդառնար, որ աշխարհում պակասել է չարը, եթե բոլորս ունկնդրեինք Քրիստոսի իմաստությանը, եթե Նրա օգնությամբ սկսեինք դրսևորել նույն կարեկցանքն ուրիշների նկատմամբ, ինչպիսին հույս ունենք ստանալ ինքներս: Երբ մենք մարդկանց հանդեպ բարիք ենք գործում, հետևում ենք Երկնային Հոր օրինակին, Ով բարիքներ է տալիս նրանց, ովքեր խնդրում են իրենից (հ․11):
Եթե մենք սկսենք նայել մարդկանց ոչ որպես թշնամիների, անծանոթների կամ մրցակիցների, այլ որպես նրանց, ովքեր նույնպես կարիք ունեն ողորմության և բարության, ինչպես մենք, ապա մեր մտածելակերպը և կյանքը հիմնովին կփոխվի։ Մենք կկարողանանք բարիք գործել, ինչպես որ Աստված է անում՝ մեզ սիրելով և կարեկցելով:
Որքանո՞վ է այսօր անհրաժեշտ հետևել Քրիստոսի տված կարևորագույն օրենքին։
Աղոթք – Տե՛ր Աստված, օգնի՛ր ինձ իմ վերաբերմունքով արտացոլել Քո ողորմությունն ու սերը մարդկանց հանդեպ: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 19-20, Մատթեոս 27․51-66