.
2025թ., Փետրվարի 18

Եփեսացիներին 4․17, 22-32                                                         Երեքշաբթի   |   Փետրվար 18

 

 

 

Արդ սուտը դեն նետելով՝ թող յուրաքանչյուր ոք ճշմարտությո՛ւնը խոսի իր ընկերոջ հետ, քանի որ միմյանց անդամներ ենք։ Եփես․ 4․25

 

ԿԵՂԾ ՎԱՐԿԱՆԻՇԵՐ

 

Տաքսի ծառայության հաճախորդներից մեկը պատմեց իր հետ պատահած երեք ուշագրավ դեպքերի մասին: Մի վարորդ ամբողջ երթևեկության ժամանակ ճանապարհին միրգ էր ուտում, որի հոտն անտանելի էր, մյուսը հեռախոսով լարված վիճում էր իր ընկերուհու հետ, իսկ երրորդը նրան համոզում էր գումար ներդնել կասկածելի ֆինանսական ոլորտում։ Սակայն, փոխանակ ցածր գնահատականներ տալու, նա բոլորին հինգ աստղ էր շնորհել։ «Նրանք էլ սովորական մարդիկ են,- բացատրեց նա,- չցանկացա, որ խնդիրներ ունենան»։

Այս հաճախորդը վարորդներին չվնասելու և լավություն անելու միտում ուներ, սակայն արդյունքում ստեղծեց կեղծ պատկեր, որը հեռու էր իրականությունից։

Մարդիկ երբեմն տարբեր պատճառներով փորձում են թաքցնել կամ մեղմացնել ճշմարտությունը։ Սակայն Պողոս առաքյալը հորդորում է մեզ սիրով խոսել միմյանց հետ՝ անկեղծ ու ճշմարիտ, քանի որ Քրիստոսում մենք նորոգված արարածներ ենք։ Ճշմարտության ճանապարհը մեզ առաջնորդում է դեպի «ճշմարտություն և սրբություն» (Եփես. 4․24), մի կյանք, որն արտացոլում է Աստծո կամքը։ Սուտը բաժանում ու քանդում է, մինչդեռ ճշմարտությունը միավորում և զորացնում է։ Այդ պատճառով Պողոս առաքյալը հորդորում է. «Արդ սուտը դեն նետելով՝ թող յուրաքանչյուր ոք ճշմարտությո՛ւնը խոսի իր ընկերոջ հետ, քանի որ միմյանց անդամներ ենք» (հ․25)։

Հիսուսը զորացնում է մեզ, որպեսզի ապրենք ազնվությամբ և խուսափենք կեղծավորությունից, որը խախտում է հավատացյալների միասնությունը։ Երբ առաջնորդվում ենք Նրա սիրով, մեր սրտերում արմատավորվում են բարությունն ու կարեկցանքը, իսկ մեր խոսքերը դառնում են ճշմարիտ ու զորացնող (հ․32)։

 

 Ինչու՞ է կարևոր լինել ազնիվ ու անկեղծ և ամեն պարագայում ասել ճշմարտությունը։

 

Աղոթք – Տե՛ր Աստված, առաջնորդի՛ր ինձ, որ իմ խոսքերն ու գործերը միշտ հիմնված լինեն ճշմարտության վրա՝ Քո սիրով լցված և անկեղծ մարդկանց հանդեպ։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 23-24, Մարկոս 1․1-22