Ծնունդ 29․28-35 Չորեքշաբթի | Փետրվար 19
Երբ Տերը տեսավ, որ Լիան չէր սիրվում, նրա արգանդը բացեց, իսկ Ռաքելն ամուլ էր։
Ծնն․ 29․31
ՍԵՐ ԱՍՏԾՈ ՄԵՋ
Փոքր ժամանակ, երբ Բենին հարցնում էին, թե ինչ է ցանկանում դառնալ, երբ մեծանա, նա մշտապես պատասխանում էր. «Ցանկանում եմ լինել, ինչպես Դեյվը»։ Նրա ավագ եղբայրը՝ Դեյվը, ուժեղ էր, շփվող և միշտ փայլուն առաջադիմություն ուներ դպրոցում։ Իսկ Բենը, իր իսկ խոսքերով, հաջողություն չուներ ո՛չ սպորտում, ո՛չ ուսման մեջ, ո՛չ էլ ընկերական հարաբերություններում։ «Ես անդադար ձգտում էի Դեյվին ավելի մոտ լինել, սակայն նա չէր հետաքրքրվում ինձնով և հաճախ ինձ ձանձրալի էր համարում», – հիշում է Բենը։
Տարիներ շարունակ նա փորձեց շահել եղբոր համակրանքը, բայց ապարդյուն։ Եվ միայն այն ժամանակ, երբ ճանաչեց Քրիստոսին, սովորեց խաղաղություն ու լիարժեքություն գտնել իր Փրկչի սիրո մեջ։
Լիան՝ Հակոբի առաջին կինը, իր կյանքի մեծ մասն անցկացրեց՝ ձգտելով ձեռք բերել ամուսնու սերը (Ծնն․ 29․32-35): Սակայն Հակոբն ավելի շատ սիրում էր Ռաքելին։ Եվ երբ Աստված տեսավ Լիայի վիճակը, օրհնեց նրան մայրությամբ, ինչը մեծ պատիվ էր այն ժամանակներում (հ․ 31): Լիան, որ մերժված էր իր ամուսնու կողմից, ընդունվեց Աստծո սիրով (հ․ 32-33):
Նա ունեցավ դուստր և վեց որդի (Ծնն․ 35․23), որոնցից մեկը՝ Հուդան, դարձավ Հիսուս Քրիստոսի նախահայրը։ Նրա ծննդյան պահին Լիան ասաց. «Այս անգամ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը» (Ծնն․ 29․35): Լիան ապրեց երկար կյանք և հուղարկավորվեց պատվավոր տեղում՝ Հակոբի մյուս ազգականների կողքին (Ծնն․ 49․29-32):
Մարդկային աշխարհում մերժված լինելու դառնությունն անծանոթ չէ մեզնից շատերին։ Բայց Լիայի պատմությունը թող սփոփանք լինի, քանի որ Աստծո սերն անսահման է, և միայն Նա կարող է լրացնել մեր բոլոր կարիքները:
Մարդիկ կարող են մեզ մերժել ու ցավեցնել, բայց Աստված մոտ է նրանց, ում սիրտը կոտրված է: Վստահե՛նք Նրան:
Աղոթք – Սիրելի՛ Տեր, շնորհակալ եմ, որ Քո սերը բժշկում է հոգուս բոլոր վերքերը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 25, Մարկոս 1․23-45