.
2025թ., Փետրվարի 20

Բ Կորնթացիներին 12․7-10                                                          Հինգշաբթի   |   Փետրվար 20

 

 

 

Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում։ Բ Կոր․ 12․9

 

ԲԱՎԱՐԱՐ ՇՆՈՐՀՔ

 

Ես և ընկերս՝ Թոմը, օդանավով ուղևորվում էինք միսիոներական ճանապարհորդության։ Սակայն գլխումս խառնաշփոթ էր. ընտանիքս ուներ ընդամենը հինգ օր՝ նոր բնակարան գտնելու համար։ Ընկերս, նկատելով իմ անհանգստությունը, ժպտաց ու հարցրեց. «Ասա, ո՞րն է ամենավատ բանը, որ կարող է պատահել մարդու հետ»։

Ես նկարագրեցի ամենածայրահեղ ու նույնիսկ անհավանական սցենարը, որը միայն կարող էի պատկերացնել։ Նա մի պահ լռեց, ապա հանդարտ, բայց խորիմաստ ձայնով հարցրեց. «Իսկ դու հավատու՞մ ես, որ Աստված կարող է քեզ շնորհք տալ նույնիսկ այդ դեպքում»։ Այս խոսքերը հնչեցին այնպես, կարծես փոթորկի մեջ խարիսխ լինեին, որ փոխեցին իմ ամբողջ ընկալումն ու տրամաբանությունը։

Ընկերոջս հարցը ստիպեց ինձ գիտակցել մի ճշմարտություն. նույնիսկ ամենավատ իրավիճակում Աստված մեզ հետ է և կտա այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք կանգուն մնալ։

Պողոս Առաքյալն աղաչում էր Աստծուն, որ ազատի իրեն այն «խայթից», որն անընդհատ ցավեցնում էր նրան (Բ Կորնթ. 12․7-8), սակայն Տերն ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում» (հ․ 9)։ Մեր հույսը չպետք է լինի արագ լուծումների կամ անորոշ սպասումների վրա, որ «ինչ-որ կերպ ամեն ինչ կկարգավորվի»։ Ո՛չ, իրական խաղաղությունը գալիս է այն վստահությունից, որ Աստծո շնորհը բավարար է մեզ համար։ Նա կպահպանի, կզորացնի և կառաջնորդի մեզ անգամ ամենածանր ու մռայլ օրերին։

Ի վերջո, Պողոսը հայտարարեց, որ ուրախանում է բոլոր տկարությունների և հալածանքների մեջ, որովհետև դրանց միջոցով նա հնարավորություն է ստանում իր կյանքում զգալ Աստծո զորությունը (հ․ 10)։

Պետք է խոստովանեմ, որ այդ բարդ շրջանում ես չկարողացա իսկապես ուրախանալ, սակայն գտա մի բան, որ ինձ մխիթարեց. ես գիտեի, որ անկախ նրանից, թե ինչ է սպասվուն ինձ տանը, Աստծո շնորհը բավարար է ինձ համար։

Նրա շնորհը բավական է նաև մեզ համար։ Փնտրե՛նք Նրա զորությունն ու քաջությունը մեր առօրյա պայքարների մեջ։

 

 Ի՞նչ անհանգստություններ ունենք այսօր և ինչպե՞ս կարող ենք ապավինել Տիրոջ շնորհքին։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, Դու գիտես իմ բոլոր մտահոգությունները։ Սովորեցրո՛ւ ինձ ապավինել Քո անսահման շնորհքին։ Դո՛ւ խոստացել ես տալ ամեն անհրաժեշտ բան, որպեսզի կարողանամ կանգուն մնալ և հաղթահարել յուրաքանչյուր փորձություն։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 26-27, Մարկոս 2