Սոփոնիա 3․14-17 Ուրբաթ | Փետրվար 21
Տերը՝ քո Աստվածը, զորավոր է քո մեջ. Նա․․․կհանդարտեցնի իր սիրով և ցնծությամբ պիտի գոչի քեզ համար։ Սոփ․ 3․17
ԱՍՏԾՈ ԵՐԳԸ
Երբ Միան բացահայտեց, որ ապագա երեխան Դաունի համախտանիշ ունի, սիրտը վախով լցվեց։ Երեխայի հաշմանդամությունը ենթադրում էր, որ իրենց ներկայիս կյանքն այլ ընթացք կստանա։ Բայց երբ փոքրիկ Էյսը ծնվեց՝ խարտյաշ մազերով ու գեղեցիկ դիմագծերով, Միան չկարողացավ զսպել ուրախությունը։ Նա անսահման սիրով և հոգատարությամբ էր փայփայում իր որդուն։ Էյսը չափազանց նուրբ ու զգայուն ներաշխարհ ուներ, իսկ եղբայրները նրան շատ էին սիրում և ամեն անգամ հաճույքով հատուկ մի երգ էին երգում, որի ելևէջները լսելիս փոքրիկը միշտ ժպտում էր։
Չնայած Էյսը ֆիզիկական կարողությունների որոշակի սահմանափակումներ ուներ, սակայն նրա առանձնահատկությունները նրան յուրահատուկ և ուժեղ էին դարձրել: Միայի խոսքով. «Նա երբեք չի ձգտում լինել առաջինը, նա պարզապես ուզում է սիրել և լինել սիրված։ Երբ նա գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, լայնորեն ժպտում է և ծափահարում իր փոքրիկ ձեռքերով»:
Այս փոխադարձ մաքուր ու անշահախնդիր սիրո պատկերը հիշեցնում է Աստվածաշնչի hինկտակարանյան մի պատմություն՝ Աստծո և Իսրայելի ժողովրդի հարաբերությունների մասին։ Սոփոնիա մարգարեն խոսում էր այն օրվա մասին, երբ Աստծո ժողովուրդը վերջապես կվերադառնա գերությունից, և նրանց համար կսկսվի նոր կյանք։ Նա մխիթարական խոսքերով էր դիմում նրանց. «Այլևս չարիք չես տեսնելու» (Սոփ. 3․15): Զարմանալի չէ, որ մարգարեն Իսրայելին կոչ էր անում ուրախանալ (հ․ 14), որովհետև նրանց Տերը՝ Աստված, պարզապես չի նայի նրանց վերևից, այլ «նա ուրախությամբ պիտի հրճվի» (հ․ 17): Այսինքն՝ Տերը կերգի Իսրայելի մասին։
Սա անկեղծ, անշահախնդիր և ուրախությամբ լի սիրո դրսևորում է։ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք ճանաչեցինք Աստծուն և ընդունվեցինք Նրա կողմից։ Եթե երբևէ մեզ միայնակ կամ մոռացված զգանք, կարող ենք մեր սրտի մխիթարությունը փնտրել Նրա սիրո ջերմության մեջ։ Տերը մեզ այնքան է սիրում, որ ոչ միայն պահպանում ու առաջնորդում է, այլև ուրախությամբ լցվում մեր հանդեպ և, որպես սիրող Հայր՝ երգում մեր մասին։
Երբեմն Աստծո սերը կարող է վերացական և անընկալելի թվալ։
Հավատանք, որ Աստված ուրախանում է մեզնով։
Աղոթք – Տե՛ր Աստված, շնորհակալ եմ, որ Քո սերն անսահման է։ Օգնիր ինձ լիարժեք հասկանալ ու զգալ այդ սերը կյանքիս բոլոր ոլորտների մեջ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 1-3, Մարկոս 3