Հովհաննես 13․ 31-36 Շաբաթ | Փետրվար 22
ՍԻՐՈ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Շվեդիայում կա մի յուրահատուկ ավանդույթ, որի անվանումը բառացիորեն նշանակում է «մաքրություն մահվանից առաջ»։ Այս գաղափարը հիմնված է այն մոտեցման վրա, որ տարիների ընթացքում մենք պետք է դադարենք նոր իրեր հավաքել և սկսենք ազատվել այն ավելորդ իրերից, որը կուտակել ենք կյանքի ընթացքում։ Շվեդական մաքրության այս ձևը, ըստ էության, դառնում է նվեր իրենց երեխաներին, որովհետև այն հեշտացնում է նրանց աշխատանքը՝ դասավորելով և կազմակերպելով այն, ինչ թողնելու են իրենցից հետո։
Երբ մարդիկ հասնում են որոշակի տարիքի, շատերը սկսում են խորհել իրենց ժառանգության մասին՝ ի՞նչ կթողնեմ այս աշխարհում ինձնից հետո։ Սա հաճախ կապված է գումարների, գույքի կամ բարեգործության հետ։ Եվ այս երևույթը, իհարկե, ունի իր տրամաբանական հիմքը։ Բայց մեզ նաև օգտակար կլինի նայել Հիսուսի օրինակին՝ երկրի վրա Իր վերջին օրերին աշակերտների հետ ունեցած շփման տեսանկյունից։ «Ուր ես գնում եմ, դու հիմա իմ հետևից չես կարող գալ, բայց հետո իմ հետևից կգաս», – ասում է Նա Պետրոսին (Հովհ. 13․36)։ Մինչ այդ Հիսուսը շատ է օգտագործում «սեր» բառը։ Նրա իսկական ժառանգությունը հենց սերն էր՝ «սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի» (հ․ 34-35)։
Կյանքի ցանկացած փուլում օգտակար կարող է լինել «շվեդական մաքրությունը»՝ ազատվել ավելորդ իրերից և կենտրոնանալ ամենակարևորի վրա։ Իսկ ամենակարևորը ո՛չ իրերն են և ո՛չ էլ գումարը. այն ժառանգությունը, որը մենք կարող ենք թողնել, դա Քրիստոսի հանդեպ ունեցած մեր սերն է։ Եթե մեր երեխաները և ընկերները հիշեն մեզ որպես Աստծուն անսահման սիրող մարդու, դա նրանց համար կլինի լավագույն ժառանգությունը։
Ինչպե՞ս են մեր մտերիմները տեսնում մեր սերը Քրիստոսի հանդեպ։
Ինչպե՞ս կարող ենք ավելի բաց ու ակնառու կերպով բաժնեկցել այդ սիրով։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ Որդուդ և մեր հանդեպ տածած Քո անսահման սիրո համար։ Օգնի՛ր, որ կարողանամ նույն կերպ սիրել այն մարդկանց, ովքեր ինձ շրջապատում են։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 4-6, Մարկոս 4․1-20