Սաղմոսներ 1 Կիրակի | Փետրվար 23
Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է․․․։ Սաղմ․ 1․3
ՀՈՍՈՂ ՋՐԻ ՄՈՏ
Բիլլը, ով տարեց մարդ էր և միայնակ էր ապրում, վերջերս նաև ստիպված էր հրաժարվել մեքենա վարելուց։ Այժմ նա օգնության կարիք ուներ մթերք և դեղորայք գնելու, ինչպես նաև կիրակի օրերին եկեղեցի հասնելու համար։ Սակայն Բիլլը շարունակում էր մոտ լինել Տիրոջը. «Ես սիրում եմ Աստծո հետ ժամանակ անցկացնել տանը, լսում եմ հոգևոր երաժշտություն և քարոզներ դիտում համացանցում»։ Նա կենտրոնացել էր Աստծո Խոսքի սերտման վրա, հավատարմորեն աղոթում և փառաբանում էր Աստծուն։
Մեր առօրյա սովորույթներն ազդեցություն ունեն սրտի դիրքի վրա։ Սաղմոս 1-ում նկարագրվում է երանելի մի մարդ, ով գտել է իր իրական գոհունակությունը Տիրոջ մեջ և ցերեկ ու գիշեր մտածում է Նրա օրենքի մասին, այդ պատճառով ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում (Սաղմ. 1․1-2)։
Դժվարությունների մեջ շատերս ենք հայտնվում, սակայն նա, ով քայլում է Աստծո ճշմարիտ ճանապարհով, «ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում» (հ․ 3)։ Կյանքում լինում են տարբեր շրջաններ, և հնարավոր է, ներկայումս էլ չենք կարողանում շատ ժամանակ տրամադրել Սուրբ Գրքի սերտողությանը։ Սակայն Հիսուսն ասաց, որ կբավարարի յուրաքանչյուրին, ով կգա Իր մոտ, և Սուրբ Հոգին կդառնա կենդանի ջրի աղբյուր Իր աշակերտների մեջ (Հովհ. 7․37-39)։ Մենք կարող ենք լցնել մեր սրտերը կենդանի ջրով՝ Աստծո Խոսքով, և խոսել Նրա հետ, մինչ աշխատում ենք և հոգ տանում մեր շրջապատի մարդկանց մասին։
Հետևելով Աստծո իմաստությանը, մենք արմատավորվում ենք Նրա շնորհի պարարտ հողում։ Այսպիսի կյանքով ապրող մարդն արդար է կոչվում և գտնվում է Աստծո օրհնության տակ (Սաղմ. 1․6)։
Որո՞նք են այն սովորույթները, որոնք պահում են մեզ Քրիստոսի կենդանի ջրի մոտ։ Ինչպե՞ս դրանք կարող են փոխվել՝ կախված նրանից, թե կյանքի ո՞ր փուլում ենք գտնվում:
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, երբ սիրտս ծարավ զգա, ես վստահությամբ կգամ Քեզ մոտ։
Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 7-8, Մարկոս 4․21-41