Ելք 3․11-4․12 Երկուշաբթի | Փետրվար 24
Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ․․․»։ Ելք 3․12
ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ
Մայոր Յան Թոմասը (1914–2007), ով հիմնել էր Կապերնրեյի Աստվածաշնչյան դպրոցը, իր հոգևոր ճանապարհի սկզբում իրեն «ծանրաբեռնված» էր զգում։ Նա ջանում էր ապրել Քրիստոսի համար՝ հենվելով սեփական ուժերի վրա, ինչի հետևանքով արագ ուժսպառ եղավ։ Հիասթափությունը նրան գրեթե ստիպեց հեռանալ եկեղեցուց։ Սակայն հենց այդ պահը դարձավ նրա հոգևոր կյանքի շրջադարձային կետը։ «Ես սովորեցի ասել. «Տե՛ր Հիսուս, ես չեմ կարող։ Բայց Դու երբեք էլ չես ասել, որ պետք է կարողանամ։ Փոխարենն ասել ես, որ Դու՛ ես ամեն բան կարող։ Եվ ինձ հենց դա է անհրաժեշտ իմանալ»», – իր հոգևոր փորձառությամբ կիսվում է Յան Թոմասը։
Մովսեսն իր կյանքի ընթացքում պետք է բացահայտեր կարևորագույն ճշմարտությունը՝ Աստծո զորության անսահման լինելը։ Եգիպտոսից փախչելով՝ նա օտարության մեջ էր ապրում, մինչդեռ իր ժողովուրդը շարունակում էր տառապել գերության մեջ։ Եվ երբ Աստված նրան կանչեց՝ առաջնորդելու Իսրայելի որդիներին դեպի ազատություն, Մովսեսը լի էր կասկածներով ու հարցերով. «Ես ո՞վ եմ, որ գնամ փարավոնի մոտ» (Ելք 3․11)։ «Բայց նրանք ինձ չեն հավատա» (Ելք 4․1)։ «Ես ծանրախոս և ծանրալեզու եմ» (Ելք 4․10)։ Եվ ամեն անգամ, երբ նա կրկնում էր. «Ես անկարող եմ», Աստված վստահորեն պատասխանում էր. «Ես քեզ հետ կլինեմ» (Ելք 3․12)։ Նա Մովսեսին հայտնեց Իր սուրբ անունը (Ելք 3․14) և խոստացավ. «Ես քո բերանի հետ կլինեմ և քեզ կսովորեցնեմ, ինչ որ պետք է խոսես» (Ելք 4.12)։ Մովսեսի անկարողությանը Տերը պատասխանում էր վստահությամբ. «Դու կարող ես»։
Եթե երբևէ գայթակղվենք՝ մտածելով՝ «Ես չեմ կարող», հիշե՛նք Աստծո քաջալերանքը. «Բայց դու կարող ես»։ Եվ մեր առջև կբացվի նոր ուղի՝ կյանք, որը, ինչպես ասել էր մայոր Թոմասը, «այն հրաշալի ճանապարհորդությունն է, որ Աստված նախատեսել է մեզ համար»։
Երբ մեր ուժերը սպառվեն, ականջալուր լինենք Տիրոջ զորացնող ձայնին,
որ ասում է. «Դու կարող ես»։
Աղոթք – Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ, որ Դու ոչ միայն իմ փրկության, այլև այն զորության աղբյուրն ես, որով կարող եմ ապրել Քեզ համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 9-11, Մարկոս 5․1-20