.
2025թ., Փետրվարի 25

Ղուկաս 6․31-38                                                                             Երեքշաբթի   |   Փետրվար 25

 

 

Տվե՛ք, և կտրվի ձեզ։ Ղուկ․ 6․38

 

ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ 

 

Լիդիան մի օր անանուն մի նվիրատվություն ստացավ՝ տասը հազար ֆունտ սթերլինգ, բայց նա այդ գումարը չծախսեց իր անձնական կարիքների համար։ Փոխարենը՝ շռայլ նվերներ գնեց իր գործընկերների ու հարազատների համար, իսկ գումարի զգալի մասը փոխանցեց հեղեղից տուժած մարդկանց ու բարեգործական կազմակերպություններին։ Շատ ուշագրավ էր, որ Լիդիան, անտեղյակ լինելով, մասնակից էր դարձել սոցիալական մի փորձի, որի շրջանակներում մոտ երկու հարյուր հոգի նույնպես նման կերպ էր վարվել։ Արդյունքում պարզվեց, որ մասնակիցների ավելի քան երկու երրորդը գումարները ծախսել էր ոչ իր անձնական կարիքների վրա։ Փորձի կազմակերպիչներից մեկը, կիսվելով արդյունքներով, նկատեց. «Պարզվում է՝ մենք, դաստիարակված ենք այնպես, որ շռայլությանը պատասխանում ենք նույն շռայլությամբ»։

Աստվածաշունչն ասում է, որ եթե մենք ցուցաբերում ենք շռայլություն, ապա դրանով արտացոլում ենք մեր Արարչի վերաբերմունքը: Աստված գթառատ, ողորմած ու բարեպաշտ է բոլորի նկատմամբ, անգամ «ապերախտների ու չարերի հանդեպ» (Ղուկ. 6․35): Այդ պատճառով Հիսուսը կոչ էր անում նրանց, ովքեր ցանկանում են նմանվել Աստծուն, բարիք անել և տալ՝ «չսպասելով ոչինչ» (հ․ 32-35):

Երբ մենք պատրաստակամորեն ու առանց որևէ ակնկալիքի տանք, կհասկանանք, որ նման կերպ ապրելը մեզ վնաս չի հասցնի։ Հիսուսը նույնպես անդրադարձավ այդ մտքին՝ ասելով. «Տվե՛ք, և կտրվի ձեզ.․․որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի» (հ․ 38): Եթե մենք Աստծո շռայլությանը պատասխանենք մեր շռայլությամբ, ապա կտեսնենք, որ Նա մեզ անչափ զարմանալի կերպով կհատուցի։

 

Ինչպե՞ս կարող է ուրիշների հանդեպ շռայլությունն օրհնություն դառնալ մեր կյանքում:



Աղոթք – Գթառա՛տ Տեր, շնորհակալ եմ այն հնարավորության համար, որ կարող եմ օգնություն ցուցաբերել և լինել բարության գործակից: Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 12-14, Մարկոս 5․21-45