.
2025թ., Փետրվարի 26

Գործք Առաքելոց 9․36-43                                                          Չորեքշաբթի   |   Փետրվար 26

 

 

․․․Տաբիթա․․․նա բազում բարի գործեր ու ողորմություններ էր արել։ Գործք․ 9․36

 

ՏԱԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ

 

Հինգ ժամ տևողությամբ թռիչքի ընթացքում մի կին վերնազգեստ էր գործում։ Գործելիս նա նկատեց մի փոքրիկի, ով զարմանքով ու հետաքրքրությամբ հետևում էր իր շարժումներին։ Այդ պահին մի նոր միտք ծագեց նրա գլխում. նա որոշեց երեխայի համար գլխարկ գործել։ Սակայն ժամանակը քիչ էր՝ վայրէջքին մեկ ժամ էր մնացել։ Նա արագ ավարտեց աշխատանքը և նվիրեց փոքրիկին։ Ընտանիքը մեծ ուրախությամբ ընդունեց նվերը, իսկ մյուս ուղևորները, տեսնելով այս ջերմ պահը, ուրախ ժպտացին ու ծափահարեցին։

Անսպասելի նվերները հաճախ մեծ ուրախություն են պարգևում։ Անկախ նրանից՝ դրանք մեզ անհրաժեշտ են, թե ոչ, մենք հասկանում ենք, որ նվիրողն այսպիսով արտահայտում է իր սերը և բարությունը։ Առաջին դարի եկեղեցիներից մեկում, Հրեաստանում, ապրում էր մի կին՝ Տաբիթա անունով, ով հայտնի էր իր առատաձեռնությամբ։ Նա հագուստներ էր կարում կարիքավորների համար և «բազում բարի գործեր ու ողորմություններ էր արել» (Գործք 9․36)։ Երբ Տաբիթան մահացավ, այրիները Պետրոսին ցույց տվեցին նրա ձեռքի աշխատանքները՝ շապիկներն ու հանդերձները, որոնք նա կարել էր նրանց համար (հ․ 39)։ Նրանք պատմում էին նրա բարության ու թողած ազդեցության մասին։

Այնուհետև Պետրոսը, առաջնորդվելով Սուրբ Հոգու զորությամբ, կենդանացրեց Տաբիթային (հ․ 40)։ Այս հրաշքն անսահման ուրախություն պարգևեց բոլոր նրանց, ովքեր սիրում էին նրան, և շատերին դրդեց հավատալ Տիրոջը (հ․ 42)։

Մեր բարի գործերը կարող են Աստծո մասին վկայություն դառնալ և ավելի ազդեցիկ լինել, քան ցանկացած խոսք։ Ի վերջո, նվիրելու ուրախությունն ինքնին բխում է Աստծուց, որովհետև հենց Նա է մեզ տվել մեծագույն պարգևը՝ Իր Միածին Որդուն։

 

Ի՞նչ կարող ենք նվիրել մարդկանց, և ինչպիսի՞ զգացողություն ենք ունենում, երբ ստանում ենք անսպասելի նվերներ։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ լինել Քեզ պես բարի և առատաձեռն։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 15-16, Մարկոս 6․1-29