Սաղմոսներ 24․1-4 Կիրակի | Մարտ 2
ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐ
Անթերի սպիտակ ձեռնոցները մարմնավորում էին թագուհու վայելչությունն ու նրբագեղությունը, մինչդեռ Բոբբի Մուռի ձեռքերը, ով ֆուտբոլի՝ Անգլիայի հավաքականի ավագն էր, պատված էին փոշով ու քրտինքով։ Նա նոր էր տոնել իր պատմական հաղթանակը աշխարհի առաջնությունում, և հիմա, կանգնած թագուհու առջև, պետք է սեղմեր Նորին Մեծության ձեռքը։ Մուռն արագորեն փորձեց մաքրել ձեռքերն իր նույնքան կեղտոտ համազգեստի վրա, նա անհարմարություն էր զգում իր տեսքի համար։
Այս դրվագը միաժամանակ ծիծաղելի և հուզիչ էր։ Չէ՞ որ յուրաքանչյուրս էլ կարող ենք նման իրավիճակում հայտնվել և ակամա անհարմարություն զգալ հայտնի կամ հարգված անձի ներկայությամբ։ Բայց ինչպե՞ս վարվել այսպիսի իրավիճակներում։
Այս հարցի շուրջ մտորում էր նաև սաղմոսերգու Դավիթը, ով պատրաստվում էր կանգնել երկնային Թագավորի առաջ. «Ո՞վ պիտի կանգնի նրա սուրբ տեղում» (Սաղմ. 24․3)։
Իսկապես, ո՞վ կարող է կանգնել Նրա առջև. նա, «ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ» (հ. 4)։ Ամեն անգամ, երբ կարդում եմ այս համարը, ակամա ուզում եմ նահանջել։ Ես ինձ զգում եմ Բոբբի Մուռի պես, ով գիտակցում էր, թե որքան աղտոտված են նրա ձեռքերը, երբ կանգնած էր կատարյալ և անբասիր Թագուհու առջև։
Սակայն սաղմոսերգուն խոսում է նաև ողորմության մասին։ Եվ հենց այստեղ է մեր միակ հույսը. չհենվել մեր սեփական արժանիքների վրա, այլ ապավինել Աստծուն, Ով կարող է մաքրել մեր մեղքով պղծված ձեռքերը։ Մենք կարող ենք մոտենալ Նրան ոչ թե մեր արժանիքներով, այլ Նրա շնորհով, որովհետև Քրիստոսի միջոցով մենք արդեն ընդունված ենք Նրա Սուրբ ներկայության մեջ (Կող. 3․3)։ Հիանալին այն է, որ Փրկչի մաքուր ձեռքերն այժմ պատկանում են մեզ։
Ինչի՞ վրա կարող ենք սխալմամբ հույս դնել «անարատ» գտնվելու համար։
Ինչպե՞ս կարող ենք ամբողջովին ապավինել միայն Քրիստոսին։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, Դու ես իմ սրբությունը, մաքրությունը և միակ հիմնավոր իրավունքը՝ կանգնելու Քո սուրբ ներկայության մեջ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 26-27, Մարկոս 8․1-21