Եսայի 40․25-31 Չորեքշաբթի | Մարտ 5
ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԱՍՏՎԱԾ
2023 թվականի փետրվարին «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակը կարևոր հայտնագործություն արեց։ Այն բացահայտեց վեց նոր գալակտիկա, որոնք մինչ այդ հնարավոր չէր դիտարկել։ Այս հայտնագործությունը համալրեց գիտելիքները տիեզերքի մասին։ Մի աստղագետ նշել է. «Մենք հայտնաբերել ենք մի բան, որը չափազանց անսպասելի է և գիտության համար մարտահրավեր է ստեղծում»։ Իսկ մեկ այլ հայտնի աստղաֆիզիկոս, կարծես արդարանալով, հավելել է. «Չկա ոչ մի վատ բան, եթե դեռ ինչ-որ բան չգիտենք»:
Աստված միշտ գտնում է միջոցներ՝ մեզ զարմացնելու համար։ Դեռ դարեր առաջ, երբ մարդիկ չէին էլ պատկերացնում տիեզերքի խորքերը, Եսայի մարգարեն ասաց․ «Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, նրա հանճարն անքննելի է» (Ես. 40․28)։ Տիեզերքի անսահմանությունն ու Աստծո անքննելի բնույթը հիշեցնում են մեզ, որ մարդկային միտքը միշտ սահմանափակ կլինի Նրա անսահման զորության ու իմաստության առջև։
Սակայն, եթե կանգ առնենք միայն այդ մտքի վրա, կկորցնենք մի կարևոր ճշմարտություն․ անքննելի Աստված անհասանելի չէ։ Նա, ով ստեղծեց ոչ միայն այդ վեց նորագույն գալակտիկաները, այլև ողջ տիեզերքը (հ․ 26), հոգ է տանում իր արարածների մասին. «Նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը» (հ․ 29)։ Մեր Արարիչ Աստված զորացնում է նրանց, ովքեր իրենց վստահությունն ու հույսը դնում են Իր վրա՝ նրանց շնորհելով նոր ուժ, որպեսզի արծիվների պես թևերով վեր սլանան (հ․ 31)։ Թող մեր սրտերում հաստատուն լինի այս վստահությունը. անքննելի ու անհասանելի թվացող Աստված մեր կողքին է, ով Իր զորությունը հայտնի է դարձնում մեր կյանքում։
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեզ ստեղծող Արարիչ Աստծուն:
Ինչպե՞ս կարող ենք ավելին իմանալ Նրա մասին։
Աղոթք – Տիեզերքի Ստեղծի՛չ, շնորհակալ եմ, որ Դու իմ Երկնային Հայրն ես, իմ հույսը և ապավենը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 34-36, Մարկոս 9․30-50