Առակներ 19․ 8-13 Հինգշաբթի | Մարտ 6
Մարդու ուշիմությունը նրան համբերատար է դարձնում, և նրա փառքը հանցանքն անտեսելն է։ Առ․ 19․11
ՄԻ՛ ՆԵՂԱՑԵՔ
Համաճարակի հետևանքով երկարատև մեկուսացումից հետո մեծ ոգևորությամբ և կարոտով սպասում էի կրկին հանդիպել իմ հավատակից քույր և եղբայրներին: Ես հասկանում էի, որ հատկապես եկեղեցու տարեց անդամներից ոմանք չեն կարող գալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ որոշների բացակայությունը ցավալիորեն խոսում էր անդարձ կորստի մասին։ Ուստի, երբ դահլիճի դռներից ներս մտավ տարեց ամուսինների մի զույգ, ով սովորաբար նստում էր հենց իմ հետևի շարքում, սիրտս լցվեց ուրախությամբ, և ջերմորեն ողջունեցի նրանց։ Տղամարդը բարեհամբույր պատասխանեց, սակայն նրա կինը միայն սառն ու անտարբեր հայացք գցեց ինձ վրա՝ առանց նույնիսկ մի թեթև ժպիտի։ Այդ պահն ինձ անսպասելիորեն ցավ պատճառեց։ Ի՞նչ սխալ էի գործել:
Մի քանի շաբաթ անց նկատեցի, որ պաշտամունքի ընթացքում այդ կնոջ ընկերուհին նրան ասում էր, թե երբ պետք է կանգնի և երբ նստի։ Պարզվեց, որ նա կորցրել է հիշողությունը և նախորդ անգամ պարզապես չի ճանաչել ինձ։ Խոստովանում եմ՝ ուրախ եմ, որ չփորձեցի պարզել, թե ինչու այդ օրը նա չպատասխանեց իմ ողջույնին։
Առակաց գիրքը լի է իմաստուն խորհուրդներով։ Դրանցից մեկը, օրինակ, այլոց հանդեպ համբերատար լինելն ու բարկանալու մեջ չշտապելն է (Առ․ 19․11): Դա մի խորհուրդ է, որն արժանի է մեծ պատվի: Չվիրավորվելը և «կատարյալ համբերությամբ» օժտված լինելը պահանջում է խոհեմություն (հ․ 8), որ մեզ տալիս է Աստծո՝ սեփական օրինակով ցույց տրված ներողամտությունը:
Ի՞նչ չափով ենք մենք տրվում վիրավորանքներին:
Ե՞րբ է անհրաժեշտ անտեսել վիրավորանքը:
Աղոթք – Ողորմա՛ծ Աստված, շնորհակալ եմ, որ ներողամիտ ես իմ հանդեպ, երբ վշտացնում եմ Քեզ: Օգնի՛ր` վարվել ուրիշների հետ նույն ներողամտությամբ ու խոհեմությամբ: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 1-2, Մարկոս 10․1-31