.
2025թ., Մարտի 8

Թվեր 26․1-4, 20-22                                                                             Շաբաթ  |   Մարտ 8

 

 

․․․ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին և Իսրայելի որդիներին, որոնք դուրս ելան Եգիպտոսի երկրից։ Թվ․ 26․4

 

ԿՅԱՆՔԻ ՑՈԻՑԱԿ

 

Իցխակ Շտերնը, կռացած իր գրամեքենայի վրա, ամբողջ գիշեր աշխատում էր։ Նա գրում էր անուններ՝ մեկը մյուսի հետևից, մինչև որ ցանկում տեղ գտավ հազար իննսունութ հոգու անուն։ Սա այն հրեա աշխատողների ցանկն էր, ում նացիստներից պաշտպանում էր գործարանի սեփականատեր Օսկար Շինդլերը։ Փաստաթուղթը ձեռքին սեղմելով՝ Շտերնն ասաց. «Այս ցուցակը բացարձակ բարություն է։ Սա հենց կյանքի ցուցակ է»։ 2012 թվականին հաշվարկվեց, որ այդ ցանկում ընդգրկված և Հոլոքոսթից փրկվածների ժառանգների թիվը հասնում է ութ հազար հինգ հարյուր մարդու։

Աստվածաշունչը պարունակում է անունների բազմաթիվ ցանկեր։ Մենք կարդալիս հակված ենք դրանք բաց թողնել։ Չափազանց շատ անծանոթ անուններ, չափազանց շատ կրկնություններ։ Իսկ ի՞նչ հետաքրքիր բան կարող է լինել այս խոսքերի մեջ. «Սրանք են Հուդայի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սելոմից սերեց Սելոմյանների տոհմը, Փարեսից՝ Փարեսյանների տոհմը․․․» (Թվ. 26․20)։

Բայց Աստծո համար այս ցանկերը նշանակալից էին։ Դրանք պարունակում էին «Իսրայելի որդիների անունները, որոնք դուրս ելան Եգիպտոսի երկրից» (հ․ 4)։ Շուտով այս ժողովուրդը պիտի մտներ և բնակվեր խոստացված երկրում։ Եվ ժամանակի ընթացքում հենց այդ ժողովրդի միջից պիտի ծնվեր Մեսիան։ Այսպիսով, սա պարզապես անվանացանկ չէր, այլ կյանքի ցուցակ։ Իսկ հետաքրքիրն այն է, որ մեր անուններն էլ մեկ այլ ցուցակում են, դրանք գրված են երկնքում «կյանքի գրքի մեջ» (Ղուկ. 10․20)։

Հրեա աշխատողների փրկության մասին մենք գիտենք պատմական փաստաթղթերից և «Շինդլերի ցուցակը» հայտնի ֆիլմից։ Իսկ Աստծո մեծագույն փրկության մասին մենք սովորում ենք Աստվածաշնչից։ Թող Սուրբ Հոգին բացահայտի մեզ համար դրա արժեքը՝ նույնիսկ այն հատվածներում, որտեղ ընդամենն անունների ցանկեր են։

 

Աստվածաշնչի ո՞ր հատվածներն են մեզ թվում ձանձրալի։

Աղոթենք, որ այդ հատվածներին նոր աչքերով նայենք։

 

Աղոթք – Տե՛ր, իմաստություն տո՛ւր ինձ խորությամբ ուսումնասիրել Քո Խոսքը։

Թող Քո Սուրբ Հոգին առաջնորդի ինձ, որպեսզի յուրաքանչյուր համարի մեջ տեսնեմ

Խոսքիդ ճշմարտությունը և արժեքը։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 5-7, Մարկոս 11․1-18