Ղուկաս 10․38-42 Կիրակի | Մարտ 9
«Մա՛րթա, Մա՛րթա, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված»։ Ղուկ․ 10․41
ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍՈՒՄ
Մի քանի տարի առաջ անցկացվեց հետազոտություն, որտեղ ուսումնասիրվեց դեպրեսիայի և դեռահասների քնի տևողության միջև կապը: Արդյունքները կարդալուց հետո մի աղջիկ մեկնաբանեց. «Պատկերավոր ասում եմ, ես չեմ հասկանում՝ երբ պետք է կանգ առնեմ: Ես այնքան շատ եմ ծանրաբեռնում ինձ, որ արդյունքում հիվանդանում եմ քնի պակասից և սթրեսից: Ես ցանկանում եմ հասկանալ, թե ինչպես տնօրինեմ ժամանակս, որ Աստծուն փառք բերեմ»:
Եվ իսկապես, ո՞րն է տարբերությունը ծանրաբեռնվածության և արդյունավետության միջև:
Բավականին ծանրաբեռնված լինել չի նշանակում միշտ ճիշտ ու արդյունավետ գործել։ Բայց մենք հաճախ մտածում ենք, որ կարևորն ինչ-որ բան անելն է։ Ղուկասի Ավետարանում Հիսուսը մեղմորեն հանդիմանում է Մարթային, որ հոգս է անում «շատ բաների» համար (Ղուկ. 10․41), իսկ Մարիամը, ով նստած էր Նրա ոտքերի մոտ, «լավ բաժինն է ընտրել» (հ. 42), և դա լավագույն ընտրությունն էր։
Աստծուն ծառայելիս, արդյո՞ք մենք էլ մեզ վրա շատ բան չենք վերցնում՝ հույս ունենալով, որ որքան ավելի շատ անենք, այնքան ավելի լավ կլինի: Կողոսացիներին ուղղված նամակում ասվում է. «Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք․․․» (Կող. 3․17): Սակայն այստեղ չի ասվում, որ մենք պետք է անտեղի ծանրաբեռնենք մեզ: 46-րդ սաղմոսում կարդում ենք «Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը» (Սաղ. 46․10):
Եկե՛ք թեթևացնենք մեր հոգսը և ժամանակ անցկացնենք Հիսուսի հետ, այլ ոչ թե կենտրոնանանք միայն անելիքների ցուցակի վրա: Միայն այդպես մենք կգտնենք իսկական «հանգստություն մեր հոգիների համար» (Մատթ. 11․29):
Ինչպե՞ս կարող ենք այսօր մեր առօրյա հոգսերը մի կողմ դնել և հանգստություն գտնել Քրիստոսում, որպեսզի անենք այն, ինչ Նա է մեզնից սպասում:
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ ազատվել զբաղվածությունից, որպեսզի իմ կյանքը դառնա լիարժեք ու պտղաբեր՝ Քո կամքի համեմատ:Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 8-10, Մարկոս 11․19-33