.
Արժևորման ու պլանավորման հանդիպում ՀԱԵ-ում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին (ՀԱԵ) ու ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության բաժինը (ՔԴ)՝ տեղական եկեղեցիների հովիվների ու ՔԴ ծառայողների հետ միասին, արժևորեցին Սուրբ Ծննդյան միջոցառումների ու քարոզաշարքի ընթացքը, անդրադարձան նաև Մեծ Պահքի շրջանին և Սուրբ Հարության տոնին նախատեսվող ծրագրերին ու հոգևոր նյութերի բովանդակությանը:

Հանդիպումը սկսվեց հոգևոր խորհրդածությամբ: Պատգամախոսը ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանն էր: Վերապատվելին խոսեց Եզեկիել 22.23-31 համարների շուրջ՝ անդրադառնալով բարոյական պարիսպ կառուցելու կենսական անհրաժեշտությանը:

«Այսօր մեզնից յուրաքանչյուրը, ըստ էության, մարգարեական ծառայություն է իրականացնում մեզ վստահված շրջանակում, ուստի սթափություն է պետք՝ հասկանալու, թե արդյո՞ք դավադրություն չէ մեր կողմից, երբ անտարբերությամբ ենք վերաբերում մեր ծառայությանը, արդյո՞ք չարի գործիքը չենք դառնում, երբ եկեղեցին չի աճում կամ բարի վկայություն չի ունենում»,- վերապատվելին կոչ արեց դիտարկել ծառայությունը հատվածից բխող հարցերի շրջանակում. որքանո՞վ ենք հավատարիմ մեզ վստահված ծառայության մեջ հոգևոր խրամատը պահելու հարցում, ե՞րբ ենք փորձում «ծեփել մեղքը»,  անբարոյական ընթացքն այսօր ինչպե՞ս է արտահայտվում, ինչպե՞ս վարվենք, որ Տերը մեր ճանապարհը «մեր գլխով չտա» (Եզ. 22.31):

Հանդիպման հոգևոր մասին հաջորդեց արժևորման փուլը: ՀԱԵ ՔԴ բաժնի թատերական ծրագրերի համակարգող Զոհրաբ Բեկյանն անդրադարձավ Սուրբ Ծննդյան միջոցառումների արժևորման թերթիկների ընդհանուր դիտարկումներին, իսկ ՀԱԵ ՔԴ բաժնի ծրագրերի համակարգող Անահիտ Սիմոնյանը խոսեց այցելությունների ընթացքում նկատված թերությունների ու առավելությունների մասին: Ընդհանուր առմամբ ՀԱԵ այս տարվա Սուրբ Ծննդյան միջոցառումները, ավետարանչության ու Քրիստոսի Ծննդյան Բարի Լուրը հայտնելու տեսանկյունից, հաջողված համարվեցին, իսկ դուրս բերված խնդիրներին գործնական լուծումներ առաջարկվեցին:

Հանդիպման հաջորդ բաժինը նվիրված էր Մեծ Պահքի ու Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ նախապատրաստական ծրագրերին ու ծառայություններին: ՀԱԵ հովիվներն ավագ հովվի հետ քննարկեցին ու արժևորեցին հատուկ օրերին ընդհանուր քարոզաշարք ունենալու մոտեցումն ու արդյունավետությունը, ինչպես նաև խոսեցին Մեծ Պահքի ընթացքում առաջարկված քարոզաշարքի մասին: Ավագ Հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը լսեց բոլոր կարծիքներն ու պատասխանեց հարցերին՝ ելնելով ՀԱԵ կարճաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարությունից:

Այդ ընթացքում ՀԱԵ ՔԴ բաժնի ծառայողները ծանոթանում էին Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին առաջարկվող երկու պիեսի: Զոհրաբ Բեկյանը մանրամասն ներկայացրեց առաջարկվող ներկայացումների սցենարները, դրանք իրականացնելու գործիքակազմն ու ՔԴ բաժնից հնարավոր աջակցության միջոցները:

Մի քանի ժամ տևած արժևորման ու պլանավորման հանդիպումն ավարտվեց հյուրասիրությամբ, որի ընթացքում Հայաստանի տարբեր քաղաքներից ժամանած հոգևոր ծառայողները նաև հաղորդակցության, փորձի փոխանակման ու միմյանց քաջալերելու առիթ ունեցան: 

 

Նախորդ
...
X