Եբրայեցիներին 11․8-16 Չորեքշաբթի | Մարտ 12
Սրանք բոլորը հավատի մեջ մեռան՝ առանց խոստումներն ստանալու։ Բայց հեռվից տեսնում էին դրանք․․․։ Եբր․ 11․13
ԱՆԱՎԱՐՏ
Բեթին մեղմորեն շոյում էր անավարտ ծածկոցները, որոնք մայրը գործել էր թոռնիկների համար։ Այդ հպումն արթնացրեց նրա մեջ կորստի ցավը․ մայրը հեռացել էր կյանքից՝ գործն անավարտ թողնելով։ Սակայն Մեյսին և Ջենիֆերը՝ Բեթիի երկու ընկերուհիները, որոշեցին գործի անցնել։ Թեև նրանք անձամբ չէին տիրապետում գործելու արվեստին, բայց հիմնեցին «Անավարտ» անվամբ մի համայնք, որտեղ վարպետ-կամավորները ստանձնեցին ավարտին հասցնել անավարտ ձեռագործ աշխատանքները, որոնք մնացել էին կիսատ՝ մահվան, հիվանդության կամ հաշմանդամության պատճառով։ 2022 թվականից ի վեր նրանք գտել ու ավարտին էին հասցրել ավելի քան հազար հինգ հարյուր աշխատանք։ Այդ ծրագրի շրջանակներում առաջինն ավարտին հասցրին հենց Բեթիի որդիների համար նախատեսված ծածկոցները։ Իսկ Բեթին, տեսնելով այդ սրտացավ հոգատարությունը, մխիթարություն գտավ։
Աստվածաշնչի մեջ կան բազմաթիվ պատմություններ մարդկանց մասին, ովքեր հեռացան այս աշխարհից՝ չտեսնելով Աստծո խոստումների իրականացումը: Բայց դա չի նշանակում, որ Տերը չիրագործեց Իր «ծրագրերը»։ Նա դրանք փոխանցեց՝ որպես էստաֆետ, նոր սերունդներին։ Աբրահամին խոստացված էր մի քաղաք, «որի ճարտարապետն ու արարիչն Աստված է» (Եբր. 11․10), բայց մինչև մահ նա շարունակում էր ապրել վրաններում՝ իր որդու՝ Իսահակի և թոռան՝ Հակոբի հետ, ովքեր այդ նույն խոստման ժառանգորդներն էին (հ․ 9)։ Եվ միայն Դավթի հաղթական արշավանքներից հետո Աբրահամի սերունդները վերջապես հաստատվեցին Երուսաղեմ քաղաքում։
Աստծո բոլոր խոստումների Վերջնական Կատարողը և Իրագործողը Հիսուսն է։ Հետաքրքիր է, որ Աբրահամին և Դավթին տրված խոստումներն իրականացան նաև մեր մասնակցությամբ. «Եվ սրանք բոլորը հավատով վկայություն ստացան, բայց խոստումը չստացան։ Աստված մեզ համար ավելի լավ բաներ էր նախատեսել, որպեսզի դրանք առանց մեզ չկատարվեն» (հ․ 40)։
Եթե անգամ թվում է, որ մեր կյանքը ոչնչով աչքի չի ընկնում, այն իրականում կարևոր դեր ունի Աստծո ծրագրի մեջ։ Փորձությունների մեջ մեր հավատարիմ ընթացքը, ինչպես նաև մեր կապը Հիսուս Քրիստոսի հետ, լրացնում է այն, ինչը սկսել էին Հին Ուխտի նախահայրերը: Այդ իսկ պատճառով, որքան էլ փոքր կամ աննշան թվա մեր ծառայությունը, այն Աստծո համար անգին է։
Ո՞ր խոստումների իրականացմանն ենք մենք սպասում հիմա և ինչպե՞ս են Աբրահամի, Սառայի և այլ աստվածաշնչյան հերոսների հավատի օրինակներն ազդում մեզ վրա։
Աղոթք – Տե՛ր, երբ մենք վշտանում ենք ավարտին չհասցրած գործերի, կյանքից վաղ հեռացած մարդկանց կամ չիրականացած խոստումների համար, օգնի՛ր մեզ նայել ամեն ինչին Քո աչքերով և Քո տեսանկյունից։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 17-19, Մարկոս 13․1-20