.
2025թ., Մարտի 13

Եզեկիել 11․14-21                                                                               Հինգշաբթի  |   Մարտ 13

 

 

Եվ նրանց մեկ սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ նրանց ներսում, քար սիրտը պիտի հեռացնեմ նրանց մարմնից և նրանց մարմնեղեն մի սիրտ տամ։ Եզեկ․ 11․19

 

ՆՈՐ ՍԻՐՏ

 

Բրոքն ու Դենիսը մանկության տարիներից լավագույն ընկերներ էին, սակայն տարիների ընթացքում նրանց հետաքրքրությունները տարբեր ուղղություններով գնացին։ Դենիսը խորապես հավատում էր Քրիստոսին, իսկ Բրոքը չէր կիսում նրա հավատքը և ապրում էր Աստծուց հեռու կյանքով։ Դենիսը մտահոգությամբ էր հետևում ընկերոջ սխալ ճանապարհին։ Նա գիտեր, որ առանց Աստծո լույսի կյանքը դատարկ է, ուստի շարունակ աղոթում էր Բրոքի համար։ Նրա աղոթքներում հաճախ էին հնչում Եզեկիելի խոսքերը․ «Տե՛ր, վերցրու Բրոքի քար սիրտը և տո՛ւր նրան մարմնեղեն սիրտ» (Եզեկ. 11․19)։ Նա հավատում էր, որ Աստված կարող է փոխել ամենակարծրացած սրտերը, և հույս ուներ, որ մի օր Բրոքն էլ կգտնի ճշմարիտ երջանկությունը՝ գնալով Տիրոջ ճանապարհով։

Տարիներն անցնում էին, բայց Դենիսը չէր դադարում աղոթել Բրոքի համար։ Նա հավատում էր, որ Աստված  կփոխի իր ընկերոջ սիրտը։ Մի օր հեռախոսը զանգեց։ Երբ Դենիսը պատասխանեց, լսեց Բրոքի հուզված ձայնը. «Ես հենց նոր ընդունեցի Քրիստոսին...»։ Դենիսը չկարողացավ զսպել արցունքները։ Նրա աղոթքներն անպատասխան չէին մնացել։ Ընկերոջ սիրտը, որ մի ժամանակ կարծրացած էր, վերջապես բացվել էր Աստծո սիրո առաջ։

Դենիսն իր աղոթքներում վստահում էր այն խոստումներին, որ Աստված տվել էր Իր ժողովրդին Եզեկիելի միջոցով։ Թեև իսրայելացիները շեղվել էին ճշմարիտ ճանապարհից և գործում էին Աստծուն ոչ հաճելի արարքներ, այնուամենայնիվ, Աստված խոստացել էր նորոգել նրանց սրտերը. «Եվ նրանց մեկ սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ նրանց ներսում, քար սիրտը պիտի հեռացնեմ նրանց մարմնից և նրանց մարմնեղեն մի սիրտ տամ, որպեսզի իմ կանոններով ընթանան և իմ պատվիրանները պահեն և դրանք կատարեն, ու նրանք ինձ ժողովուրդ լինեն, իսկ ես՝ նրանց Աստվածը» (հ․ 19-20)։

Որքան էլ հեռանանք Աստծուց, միևնույնն է, Նա ի զորու է յուրաքանչյուրին տալ նոր, մաքուր և սիրող սիրտ։ Պարզապես անհրաժեշտ է հավատքով ու ապաշխարությամբ դիմել Նրան՝ վստահելով մեր փրկությունը Հիսուս Քրիստոսին։

 

 Ինչպե՞ս է Աստված փոխել մեր սիրտը՝ կոտրելով համառությունն ու անտարբերությունը։ Ո՞ր անհավատ ընկերոջդ համար կարող ես աղոթել այսօր, որպեսզի նա ևս զգա Տիրոջ սերն ու քաղցրությունը։

 

Աղոթք – Սիրելի՛ Տեր, շնորհակալ եմ, որ Որդուդ միջոցով ազատեցիր ինձ մեղքից ու ամոթից։ Ամեն։









Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 20-22, Մարկոս 13․21-37