.
2025թ., Մարտի 14

Եփեսացիներին 2․6-10                                                                               Ուրբաթ  |   Մարտ 14

 

 

 

Քանզի նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար։ Եփես․ 2․10


ՍՏԵՂԾՎԱԾ՝ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ


Աշխատանքի գնալու ճանապարհին նկատեցի գետնին ընկած մի քարտ, առաջին հայացքից ցանկացա այն անտեսել, քանի որ շտապում էի աշխատանքի և չէի կարող ավելորդ ժամանակ ծախսել: Հայր ու դուստր, կանգնած ինձնից մոտավորապես վեց մետր հեռավորության վրա, փնտրում էին այդ քարտը։ Խիղճս ստիպեց ինձ հետ գնալ, վերցնել քարտը և մոտենալ նրանց: Երբ վերադարձրի, նրանց շնորհակալության խոսքերն ինձ երջանկություն պարգևեցին: «Ինչու՞ ինձ լավ զգացի այդքան աննշան քայլից հետո»,- հարցրեցի ինքս ինձ:

Պարզվում է, որ երբ մենք լավ գործեր ենք անում, մեր օրգանիզմում արտադրվում են հատուկ քիմիական նյութեր, որ բարձրացնում են մեր տրամադրությունը։ Լավ գործեր անելուց հետո մենք զգում ենք ներքին ներդաշնակություն։ Սա տրամաբանական է, որովհետև Աստված, ով սիրում է մեզ, ստեղծել է մեզ Իր պատկերով և նմանությամբ։

Պողոս առաքյալը գրում է, որ բարին գործելը մեր առաքելությունն է. «Քանզի նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք» (Եփես. 2․10): Այս համարը ոչ միայն պահանջում է բարիք գործել, այլ նաև խոսում է մեր նոր բնույթի մասին: Մեզ անհրաժեշտ չէ մեծ սխրանքներ կատարել: Պարզ, անկեղծ օգնություն ուրիշներին. սա պարզ ու գեղեցիկ միջոց է ոչ թե միայն ներքուստ ուրախություն զգալու, այլ նաև հաճոյանալու Աստծուն: Եվ հենց այդպիսի գործերի համար էլ մենք ստեղծված ենք:


 Մեզ շրջապատում են բազմաթիվ մարդիկ, ովքեր օգնության կամ աջակցության կարիք ունեն: Ինչպե՞ս կարող ենք սատարել նրանց:


Աղոթք – Տե՛ր, բացի՛ր հոգուս աչքերը, որ տեսնեմ այն մարդկանց, ում հանդեպ այսօր կարող եմ բարիք գործել: Ամեն։









Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 23-25, Մարկոս 14․1-26