.
2025թ., Մարտի 15

Գործք Առաքելոց 2․1-11                                                                             Շաբաթ  |   Մարտ 15

 

 

․․․ լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծագործությունների մասին են խոսում։ Գործք 2․11

 

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԼԵԶՈՒՆ

 

Քերին՝ Յամայկայից քրիստոնյա մի կին, երկար տարիներ ուսումնասիրում էր Աստվածաշունչն անգլերեն լեզվով, չնայած իր մայրենի լեզուն կրեոլերենն էր։ Մի օր թարգմանչական կազմակերպության ներկայացուցիչները նրան նվիրեցին Նոր Կտակարանը՝ թարգմանված իր մայրենի լեզվով։ Երբ նա սկսեց ընթերցել, բառերը կարծես խոսում էին հենց իր սրտի հետ. «Այդ պահին ես հասկացա, որ Աստված խոսում է իմ հոգու լեզվով: Ես ինձ զգացի ինչպես տանը՝ ավելի մոտ Աստծուն»։

Քերիի հիացմունքը հիշեցնում է այն մեծ զարմանքը, որ ապրեցին այն մարդիկ, ովքեր Երուսաղեմ եկան Հոգեգալստի օրը։ Երբ Սուրբ Հոգին իջավ աշակերտների վրա, նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով, որոնք երբեք չէին սովորել (Գործք 2․1-14)։ Տարբեր ազգերից ժամանած մարդիկ լսեցին Ավետարանի խոսքը հենց իրենց մայրենի լեզվով և զարմանքով ասում էին. «․․․ լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծագործությունների մասին են խոսում» (հ․11)։ Աստված ցանկանում էր, որ Իր Խոսքը հասնի մարդկանց հենց այն լեզվով, որն ամենամոտն էր նրանց սրտին, որպեսզի Փրկության ավետիսը նրանց համար խորապես անձնական ու թանկարժեք դառնա։

Քերին կիսվում է. «Թեև Աստվածաշնչի բազմաթիվ թարգմանություններ կան, ես հաճախ զգում եմ, որ ավելի խորն եմ ըմբռնում Աստծո Խոսքը, երբ ընթերցածս հատվածն աղոթքով վերաշարադրում եմ իմ սեփական խոսքերով՝ օգտագործելով այն բառապաշարը և արտահայտչական միջոցները, որոնք ամենամոտն են ինձ։ Այս կերպ, Աստվածաշնչի պատգամը դառնում է ավելի անձնական ու հասկանալի, կարծես հենց Աստված է խոսում իմ սրտի լեզվով»։

 

 Ի՞նչն է մեզ համար Աստծո Խոսքը կենդանի դարձնում:

Աղոթե՛նք, որ Աստվածաշունչը հասանելի դառնա ամբողջ աշխարհում՝ բոլոր լեզուներով։

 

Աղոթք – Սու՛րբ Հոգի, շնորհակալ եմ, որ հասցնում ես Աստծո Խոսքը մեր սրտերին։

Օգնի՛ր մեզ լսել այն, ինչ ուզում ես ասել Քո Խոսքի միջոցով։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 26-27, Մարկոս 14․27-53