.
2025թ., Մարտի 16

Ելք 20․8-11                                                                                                  Կիրակի   |   Մարտ 16

 

 

Որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրա մեջ բոլոր եղածները, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Ելք 20․11

 

ԸՆԴՄԻՋՈՒՄ ՀԱՆԳՍՏԻ ՀԱՄԱՐ

 

Վազքի մարզիչ Ջեֆ Գալոուեյը, ով օլիմպիական նախկին մարզիկներից է, այժմ պատրաստում է սկսնակ մարզիկներին մարաթոնի համար: Նրա պատրաստած ծրագրերում կա մի յուրօրինակ, բայց շատ արդյունավետ մոտեցում, որը հաճախ զարմացնում է թե՛ նորեկներին, թե՛ ավելի փորձառու մարզիկներին: Ջեֆը խրախուսում է «վազք/քայլք» ռազմավարությունը, որը վազքի և կարճատև քայլքի համադրությունն է: Այս գործընթացը, կարծես, դուրս է սովորական մարզման սահմանից, բայց հենց այդպիսի պարբերությունները թույլ են տալիս մարմնին վերականգնվել և ապահովում են ավելի լավ արդյունք: Հակառակ պարագայում, եթե մարզիկն ամբողջ մարաթոնն անցնի առանց հանգստի, չի կարողանա հասնել այնպիսի արդյունքի, որն ապահովում է վազքի և քայլքի համադրությունը:

Հանգստի կարևորությունը չի սահմանափակվում միայն վազքով: Հանգիստը օգնում է դիմանալ երկարատև ծանրաբեռնվածություններին, որ ի հայտ են գալիս մեր կյանքի տարբեր փուլերում: Աստված խոսում է այս մասին ամբողջ Աստվածաշնչում: Հին Կտակարանում հանգիստը ստեղծվեց աշխարհի ստեղծման ժամանակ՝ Աստծո «ժամանակացույցի» հիման վրա։ Վեց օր արարելուց հետո, «յոթերորդ օրը Աստված հանգստացավ» (Ելք 20․10), որովհետև «Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրա մեջ բոլոր եղածները, իսկ յոթերորդ օրը հանգստացավ» (հ. 11):

Քրիստոնյայի կյանքում չկա խիստ պատվիրան, որը հստակ կորոշի, թե որքան հաճախ պետք է հանգստանանք (Հռ. 14․5-6, Կող. 2․16-17): Հանգիստը, անկախ նրանից՝ երբ ու ինչպես ենք այն վայելում, պետք է վերականգնի մեր ուժերը և միաժամանակ հույս ու վստահություն ներշնչի։ Հանգստանալու որոշումը նաև մեր վստահության դրսևորումն է Աստծո հանդեպ, Ով հոգ է տանում Իր զավակների կարիքների մասին։ Մենք չպետք է, ո՛չ էլ կարող ենք ամբողջ կյանքում անդադար վազել։

 

Ի՞նչ հաճախականությամբ ենք մենք կանգ առնում և հանգստանում: Ինչպե՞ս է Աստված լրացնում մեր կարիքները, երբ հանգստանում ենք՝ ապավինելով Իրեն:

 

Աղոթք – Երկանայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ հնարավորություն ես տալիս հանգստանալ՝ Քեզ վստահելով։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 28-29, Մարկոս 14․54-72