Ելք 31․1-11 Երեքշաբթի | Մարտ 18
Եվ լցրեցի (Բեսելիելին) Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով ու գիտությամբ և ամենայն ճարտարությամբ, որպեսզի վարպետի գործեր հնարի՝ ոսկու, արծաթի և պղնձի վրա աշխատելու համար: Ելք 31․3-4
ԱՍՏԾՈՒՑ ՏՐՎԱԾ ՇՆՈՐՀՆԵՐ
Աշխարհի ամենահայտնի դաշնակահարներից շատերը, այդ թվում՝ Վեն Կլայբերնը և Վլադիմիր Հորովիցը, իրենց համերգային դաշնամուրների կարգավորումը վստահում էին Ֆրանց Մորին, ով աշխատում էր հեղինակավոր երաժշտական հաստատություններում։ Մորին գնահատում էին ոչ միայն գործիքների նկատմամբ ունեցած իր խորը գիտելիքների, այլև տարիների ընթացքում ձեռք բերած վարպետության ու փորձառության համար։ Իրականում նա համոզված էր, որ իր ունակությունները շնորհված են Աստծուց, և առիթը բաց չէր թողնում խոսելու այդ մասին դաշնակահարների ու համերգների կազմակերպիչ անձնակազմի հետ։
Երբ Իսրայելի ժողովուրդը պատրաստվում էր կառուցել Տիրոջ խորանը և այն ամենը, ինչն անհրաժեշտ էր երկրպագության համար, նրանց պետք էին մարդիկ, ովքեր ունեին մասնագիտական հմտություններ (Ելք 31․7-11): Այդ աշխատանքը կատարելու համար Աստված ինքն ընտրեց երկու հմուտ արհեստավորի՝ Բեսելիելին ու Ողիաբին, և «լցրեց նրանց Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամենայն ճարտարությամբ» (հ․ 3-4): Նրանք պատրաստ էին իրենց շնորհները գործածել Աստծուն ծառայելու համար՝ այդպիսով իսրայելացիներին հնարավորություն տալով երկրպագել Աստծուն, ինչպես հարկն է:
Անկախ նրանից՝ մեզ վարպետ համարում ենք, թե ոչ, մենք բոլորս ունենք Աստծուց տրված առանձնահատուկ շնորհներ, որոնք կարող ենք ծառայեցնել ուրիշներին (Հռոմ. 12․6): Կարևոր է Սուրբ Հոգու առաջնորդությամբ ծառայենք և երկրպագենք մեր Արարչին՝ կիրառելով այն իմաստությունը, գիտելիքը և հմտությունները, որոնք Նա պարգևել է մեզ։
Ինչպիսի՞ տաղանդներով է օժտել մեզ Աստված։ Ինչպե՞ս կարող ենք դրանք ծառայեցնել Նրա անվան փառքի համար:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, սովորեցրու՛ ինձ ճիշտ օգտագործել իմ տաղանդներն ու շնորհները Քո փառքի համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 32-34, Մարկոս 15․26-47