Ծնունդ 12․1-9 Չորեքշաբթի | Մարտ 19
Եվ Աբրամը գնաց, ինչպես Տերն ասել էր նրան։ Ծնունդ 12․4
ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
Չարլիի մանկությունը լի էր դժվարություններով։ «Մայրս միշտ սիրո պակաս ուներ, բայց նա մշտապես կապվում էր այնպիսի տղամարդկանց հետ, ովքեր արժանի չէին նրա սիրուն», – տխրությամբ հիշում էր նա։ Երբ դեռևս յոթ տարեկան էր, մայրը մեղադրեց նրան իր հերթական հարաբերությունների ձախողման մեջ՝ ասելով. «Ատում եմ քեզ։ Այս ամենի մեղավորը դու ես։ Ավելի լավ կլիներ չծնվեիր»։ Խոսքեր, որ չափազանց մեծ ցավ պատճառեցին Չարլիին:
Ժամանակի ընթացքում նա դարձավ հանցագործ, թմրամոլ և հայտնվեց բանտում։ Հետո նրա ընկերներից մեկը, ով նախկինում իր հանցակիցն էր, պատմեց նրան Հիսուս Քրիստոսի մասին։ Երիտասարդը սկսեց կարդալ Սուրբ Գիրքը և բացահայտեց, թե ինչպես Աստված կանչեց Աբրահամին նոր կյանքի համար. «Գնա՛ քո երկրից, քո ազգականներից և քո հոր տնից այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ» (Ծնունդ. 12․1)։ Չարլին անմիջապես հասկացավ, որ Աստված իրեն նույնպես կանչում է՝ թողնելու հին կյանքը. «Բոլորն ինձ ճանաչում էին որպես հանցագործ և թմրամոլ, բայց Աստված ինձ կանչեց դուրս գալ այդ վիճակից»։ Նա հասկացավ, որ պետք է թողնի հին կյանքը և հետեւի Աստծուն. «Ես քրիստոնյա եմ և պարզապես պետք է գնամ Աստծո հետևից»։
Աստծո օգնությամբ Չարլին փոխեց իր կյանքը և այժմ աշխատում է հանցագործ մարդկանց համար նախատեսված հատուկ աջակցման կենտրոնում՝ օգնելով ուրիշներին նոր կյանք սկսել։ Եթե մենք վստահենք Աստծուն, Նա մեզ ևս կազատի մեր մութ անցյալից, ինչպես տեղի ունեցավ Չարլիի դեպքում։ Տերն այսօր էլ կանչում է մարդկանց՝ նոր կյանք սկսելու համար։
Ինչպե՞ս է Աստված ազատել մեզ անցյալի մեղքերից: Որո՞նք են այն ոլորտները, որտեղ դեռ փոփոխության անհրաժեշտություն կա:
Աղոթք – Տե՛ր, Դու խոստացել ես ազատել ինձ իմ անցյալի մեղքերից: Օգնի՛ր ինձ կառչել Քեզնից, որպեսզի կարողանամ ապրել Քո կամքի համաձայն ու անթիվ պտուղներ բերեմ Քո փառքի համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Հեսու 1-3, Մարկոս 16