.
Սեմինար-հանդիպում ՀԱԵ ՔԴ մշակութային խմբակների պատասխանատուների համար

Արվեստն ու մշակույթը դարեր ի վեր արտացոլել են մարդկային հավատալիքները, արժեքներն ու աստվածայինի որոնումը։

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու համար արվեստն Աստծո մասին պատմելու յուրօրինակ միջոց է, իսկ ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության բաժնի արվեստի խմբակների պատասխանատուների վերապատրաստումը՝ առաջնահերթություն։

Հերթական հանդիպում-սեմինարը կայացավ Գյումրիում՝ մարտի 14-ին։ Այն կարևոր էր ոչ միայն արված աշխատանքներն ամփոփելու, այլև մշակութային կրթության զարգացման հեռանկարները քննարկելու, եկեղեցական խմբակների գործունեության ընդլայնման հնարավորությունները դիտարկելու և նոր ծրագրերի մեկնարկը պլանավորելու համար։

Հանդիպման առաջին հատվածում քննարկվեցին իրականացված աշխատանքները, ձեռքբերումները և առկա խնդիրների լուծման տարբերակները։ Անդրադարձ եղավ եկեղեցու մշակութային գործունեության զարգացման ուղիներին՝ նպաստելով մշակութային խմբակների ղեկավարների ստեղծագործական մոտեցմանն ու արդյունավետ աշխատանքի ձևավորմանը։ Քննարկվեց նաև առաջիկա միասնական մեծ ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները, որը կրում է «Աստծո ստեղծագործության հրաշքը» խորագիրը։

Սեմինարի երկրորդ մասում մասնակիցներն այցելեցին Գյումրու Գեղագիտության Ազգային Կենտրոն և հանդիպեցին կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանին։ Տիկին Մկրտչյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց ներկաների շրջանում։ Քննարկվեցին նաև մշակութային կրթության զարգացման հնարավորությունները և համագործակցության նոր ուղիները։

Սեմինարի երրորդ մասում մասնակիցներն այցելեցին Ասլամազյան քույրերի պատկերասրահ։ Ցուցադրված արվեստի գործերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայկական արվեստը հարուստ է և շարունակաբար զարգացող։ Այս այցը նպաստեց մասնակիցների ստեղծագործական մտահորիզոնի ընդլայնմանը։

Այսպիսի միջոցառումները ոչ միայն խթանում են մշակութային դաստիարակությունը, այլև ամրապնդում են եկեղեցու և մշակութային հաստատությունների կապերը՝ ստեղծելով նոր հնարավորություններ համատեղ աշխատանքի համար։ Մշակութային խմբակները, իրենց հերթին, մեծ դեր են խաղում երեխաների հոգևոր աճի և աստվածճանաչողության մեջ՝ զարգացնելով նրանց գեղագիտական ընկալումները, հոգևոր արժեքների ճանաչողությունը և արվեստի միջոցով հոգևոր աշխարհին մոտենալու հնարավորությունը։

Վազգեն Թորոսյան
ՀԱԵ ՔԴ մշակութային բաժնի համակարգող

Նախորդ
...
X