.
2025թ., Մարտի 21

Եսայի 43․1-7                                                                                               Ուրբաթ   |   Մարտ 21

 

 

 

․․․ Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես։ 

Ես․ 43․1

 

ԱՍՏԾՈ ՏԻՐՈՒՅԹԸ

 

Մայրիկիս խնամելու ընթացքում, երբ երկուսս էլ հոգեպես ու ֆիզիկապես սպառված էինք, որոշեցինք այցելել արվեստի ցուցահանդես։ Ցուցահանդեսի դահլիճում աչքերս կանգ առան ճապոնական ոճով պատրաստված, տարբեր գույների ապակե պատկերներով  զարդարված փայտե նավակների մի անսովոր ցուցանմուշի վրա։ Նավակները դրված էին սև պատի դիմաց՝ անդրադարձող մակերեսի վրա, կարծես լողում էին ջրի մակերևույթին։ Փոքրիկ նավակում տեղադրված էին ապակե գնդեր՝ գունավոր կետերով ու նախշերով, որոնք նման էին քաղցրավենիք հիշեցնող մեծ գնդիկների։ Երկրորդ նավակից կարծես կրակի պես վեր էին խոյանում բյուրեղապակյա քանդակներ։ Նկարիչն այդ գլուխգործոցը ստեղծել էր կրակի միջոցով՝ տաքացնելով ապակին և այն ճկուն դարձնելով։

Ցուցանմուշին ուշադիր նայելուց հետո իմ աչքերից արցունքներ թափվեցին։ Ես պատկերացրի Աստծո հոգատար ձեռքերն ու Նրա սերը, որոնք պահում էին ինձ և մորս այդ դժվար օրերին։ Աստված ձևավորում է Իր զավակների բնավորությունը՝ անցկացնելով նրանց մաքրող կրակի միջով։ Տերը հաստատում է, որ գիտի մեզ և մենք Նրան ենք պատկանում (Ես. 43․1)։ Չնայած դժվարություններին՝ Աստված խոստանում է պաշտպանել մեզ և լինել մեր կողքին (հ. 2)։ Նրա անփոփոխ բնույթն ու մեր հանդեպ սերը վերածում են այդ խոստումներն անսասան վստահության (հ. 3-4)։

Երբ կյանքը սկսում է մեզ բոցավառ կրակների միջով անցկացնել, երբ դժվարությունները մեզ կոտրում են փխրուն ապակու պես, մենք կարող ենք մեզ ուժասպառ զգալ,  բայց Աստված ամուր պահում է մեզ Իր սիրո մեջ, անկախ նրանից, թե որքան ուժեղ է վառվում կրակը։ Նա մեզ ճանաչում է, Նա մեզ սիրում է, և մենք Նրան ենք պատկանում։ 

 

Դժվարին ժամանակների մեջ հիշե՛նք, որ մենք Աստծուն եք պատկանում: Նա օգտագործում է փորձությունների կրակը՝ մեր բնավորությունը ձևավորելու համար։

 

Աղոթք – Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ, որ պահում ես ինձ, կերտում բնավորությունս և միշտ հիշեցնում, որ ես Քեզ եմ պատկանում։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Հեսու 7-9, Ղուկաս 1․21-38