.
2025թ., Մարտի 23

Սաղմոսներ 46                                                                                            Կիրակի   |   Մարտ 23

 

 

Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը։ Սաղմ․ 46․10

 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՄԵՋ

 

Սիրում եմ այն անդորրը, որ գալիս է, երբ մարդը գտնվում է Աստծո հոգատարության մեջ։ Այդ լռությունը, այդ խաղաղությունը տալիս են մի առանձնահատուկ հանգստություն (Սաղմ․ 46․2): Սաղմոս 46-ում մենք տեսնում ենք, որ իսկական խաղաղությունը սրտում, մտքում ու հոգում կարևոր պայման է Աստծուն ճանաչելու համար։ «Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը» (հ․ 10)։

Բայց հաճախ դժվար է իսկապես հանդարտվել։ Երբեմն թվում է՝ որքան էլ փորձես, սիրտդ չի հանգստանում Աստծո առաջ։ Ո՞րն է դրա պատճառը։

Ֆիզիկայի հիմնական օրենքներից մեկն ասում է. «Շարժման մեջ գտնվող մարմինները ձգտում են պահպանել իրենց շարժումը»։ Հետևաբար, անցումը ակտիվությունից դեպի հանգիստ վիճակ, միշտ չէ, որ հեշտ է։ Դրա համար անհրաժեշտ է մեղմել շարժման ուժը հոգու մեջ։ Պատկերացրե՛ք մի նավակ, անգամ եթե դադարեցնեք թիավարելը, այն դեռ որոշ ժամանակ շարժման մեջ կմնա։ Իներցիան, որը նավակը ձեռք էր բերել, և այն ջուրը, որ նրան շարժման էր բերել, շարունակելու են առաջ մղել այն։

Եթե մենք կարևորում ենք խաղաղությունը, բայց դժվարանում ենք այն գտնել, պատճառներից մեկը հենց սա է։ Մեր առօրյա զբաղվածությունն ու կյանքի արագ ռիթմը նման են շարժման մեջ գտնվող նավակին։ Դրա համար կարող ենք փորձել ավելի շատ ազատ ժամանակ ու տարածություն տալ ինքներս մեզ՝  Աստծո մեջ խաղաղություն գտնելու համար։ Միգուցե անհրաժեշտ լինի սպասել, մինչև հոգևոր անհանգստության «ալիքները» հանդարտվեն, և այդ ժամանակ կկարողանանք լիովին հանգստանալ Ստեղծողի ներկայության մեջ։

 

Ի՞նչն է այսօր մեզ խանգարում կանգ առնել և հանգստություն գտնել Աստծո մեջ։ Ինչպե՞ս կարող ենք գիտակցաբար ժամանակ հատկացնել լռության մեջ մնալու համար։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, մենք ապրում ենք աղմկոտ ու անհանգիստ աշխարհում։ Սովորեցրո՛ւ մեզ հանդարտվել Քո ներկայության մեջ, սպասել, մինչև մեր սիրտը, միտքը և հոգին խաղաղվի, և հավատալ, որ Դու միշտ մեր կողքին ես։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Հեսու 13-15, Ղուկաս 1․57-80