Մատթեոս 24․1-8 Երկուշաբթի | Մարտ 24
․․․ լինելու են սով և տեղ առ տեղ երկրաշարժեր։ Բայց այս ամենը սկիզբն է երկունքի։ Մատթ․ 24․7-8
ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՑԱՎԵՐԸ
Ամառային արևը վառ լույսով լուսավորում էր հին վիկտորյանական ժամատունը, որը ես և ընկերներս օգտագործում էինք որպես հարթակ «Անգլիայի առաքելություն 1984» ծրագրի շրջանակներում ավետարանչություն անելու համար։ Բիլի Գրեհեմը հազարավոր մարդկանց էր հավաքում «Լիվերպուլի» ֆուտբոլային ակումբի «Էնֆիլդ» մարզադաշտում, և մեզ ուրախացնում էր այն միտքը, որ մենք մաս էինք կազմում Ավետարանը մարդկանց հասցնելու մեծ գործին։
Մի օր հանկարծ զգացինք, որ հողը շարժվում է մեր ոտքերի տակից։ Սեղանի վրա գտնվող պատառաքաղներն ու ափսեները սկսեցին զնգալ, իսկ սպասքը դողալով այս ու այն կողմ էր շարժվում. մենք լսում էինք տարօրինակ ձայներ։ Ի՞նչ էր պատահել, վթա՞ր, թե՞ ինչ-որ բեռնատար է բախվել շենքի պատին։ Միայն հետո պարզ դարձավ, որ դա 20-րդ դարի Բրիտանիայի ամենաուժեղ երկրաշարժն էր՝ 5.4 մագնիտուդով, ըստ Ռիխտերի սանդղակի։
Նոր Կտակարանի մեջ մի քանի անգամ հիշատակվում են երկրաշարժեր, որոնք Աստծո զորության ցայտուն դրսևորումներ են։ Օրինակ, երբ Հիսուսը մահացավ, տեղի ունեցավ երկրաշարժ, որի հետևանքով ժայռերը ճեղքվեցին և գերեզմանները բացվեցին (Մատթ. 27․51)։ Աստված օգտագործեց երկրաշարժը՝ ազատելու Պողոսին ու Շիղային Փիլիպպեի բանտից, երբ նրանք Աստծուն փառաբանում էին ցավի մեջ (Գործք 16.26)։ Իսկ Վերջին ժամանակների մասին խոսելիս Հիսուսն ասել էր. «Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր․․․ լինելու են սով և տեղ առ տեղ երկրաշարժեր» (Մատթ. 24․6-8)։ Նա դա անվանեց «երկունքի սկիզբ»։
Հետաքրքիր է, արդյոք այդ հուլիսյան երկրաշարժը չէր ուրվագծում որևէ խորհրդանշական իմաստ՝ ցույց տալով Աստծո ուժը, որի մասին այնքան արտահայտիչ քարոզում էր Բիլի Գրեհեմը։ Մենք դա չգիտենք, բայց հավատում ենք, որ մի օր Տեր Հիսուսը կվերադառնա երկիր՝ մեծ ուժով ու փառքով, և մենք սպասում ենք այդ մեծ իրադարձությանը։
Ինչպե՞ս է Աստված ազդեցիկ կերպով գործում մեր կյանքերում։ Ի՞նչ կարող ենք անել՝ պատշաճ կերպով Նրա վերադարձին պատրաստ լինելու համար։
Աղոթք – Արարի՛չ Աստված, շնորհակալ եմ Քո անսահման ուժի և Հիսուս Քրիստոսի փառավոր վերադարձի խոստման համար։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիր ինձ, որպեսզի հավիտյան ապրեմ Քեզ հետ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Հեսու 16-18, Ղուկաս 2․1-24