.
2025թ., Մարտի 25

Հռոմեացիներին 5․6-10                                                                       Երեքշաբթի   |   Մարտ 25

 

 

Որովհետև երբ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը որոշված ժամանակին մեռավ ամբարիշտների համար։ Հռոմ. 5․6

 

ՀՐԱ՜ՇՔ

 

Ամազոնի ջունգլիներում ինքնաթիռի կործանումից հետո երեք հոգի մահացավ, իսկ չորս երեխա ողջ մնաց։ Նրանք, միայնակ, հեռու մարդկանցից, շրջապատված օձերով ու թունավոր միջատներով, մնացել էին ջունգլիներում։ Փրկարարները օրեր շարունակ որոնում էին երեխաներին, բայց ժամանակն անցնում էր, հույսը՝ քիչ-քիչ մարում, և փրկարարներից շատերը հրաժարվեցին շարունակել որոնողական աշխատանքները։ Սակայն մի զինվորական գեներալ վճռականորեն շարունակում էր որոնումները, և կար մի պայմանավորվածություն, որ եթե գտնվի ողջ մնացած երեխա, պետք է ռադիոյով փոխանցեն միայն մեկ բառ՝ «Հրա՜շք»։ Եվ ահա, քառասուն օր անց, ռադիոյով հնչեց ուրախ լուրը. «Հրա՜շք, հրա՜շք, հրա՜շք, հրա՜շք»։

Երեխաներն անհավանական սխրանք էին գործել՝ ջունգլիներում գոյատևելով ավելի քան մեկ ամիս։ Նրանք այնքան էին թուլացել, որ եթե օգնությունը մի փոքր էլ ուշանար, հնարավոր է՝ չդիմանային։

Նրանց պատմությունը հիշեցնում է մեր հոգևոր իրականության մասին։ Երբեմն մոռանում ենք, որ ինքներս էլ եղել ենք այդ մոլորված երեխաների նման՝ անօգնական և կորսված։ Բայց «Որովհետև երբ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը … մեռավ ամբարիշտների համար» (Հռոմ. 5․6)։ Մեր փրկությունը մեզ համար կենսական անհրաժեշտություն էր, բայց այն Հիսուսի համար կյանք արժեցավ։ «Նրա արյունով արդարացած ենք» (հ. 9) և «Աստծո հետ հաշտվեցինք իր Որդու մահով» (հ․ 10)։ Ամենազարմանալին այն է, որ մենք ոչինչ չարեցինք փրկության արժանանալու համար։ «Երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (հ. 8)։ Հիսուսը մեր Փրկիչն է, առանց Նրա մենք կկործանվեինք։

Պատկերացնելով այն ուրախությունը, որ երեխաները զգացին, երբ կրկին անվտանգ վայրում հայտնվեցին, ես նույնպես լցվում եմ ուրախությամբ իմ փրկության համար։ Սա հրաշք է, իսկական հրաշք։

 

Ի՞նչ վիճակում էինք և ինչի՞ց մեզ փրկեց Աստված։ 

 

Աղոթք – Սիրելի՜ Հիսուս, Դու սիրեցիր մեզ, երբ մենք մեղավոր էինք։ Օգնի՛ր հիշել այս փաստը և ուրախանալ Քո շնորհած փրկությամբ։ Ամեն։









Աստվածաշունչը մեկ տարում      |      Հեսու 19-21, Ղուկաս 2․25-52