.
«Հոգևոր աճի մարտահրավերները» պատանեկան համագումար Իջևանում

Մարտի 23-ին Իջևանում Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին մի քանի ժամով հոգևոր հանգրվան էր դարձել  պատանեկան համագումարի համար, որին մասնակցում էր շուրջ 190 պատանի և ծառայող Վանաձորից, Դիլիջանից, Նոյեմբերյանից, Բերդից ու Ազատամուտից։ Ջերմ և ոգեշնչող հանդիպումը սկսվեց միասնական պաշտամունքով և փառաբանությամբ առ Աստված, որի ընթացքում պատանիները  նաև իրենց տաղանդները ծառայեցրին ի փառս Աստծո։

Մինչև համագումարի բուն նյութին անդրադառնալը՝ մասնակիցները մտերմացնող խաղեր խաղացին, փորձեցին իրենց ուժերն ինտելեկտուալ ոլորտում։

Համագումարի հիմնական թեման «Հոգևոր աճի մարտահրավերներն» էր, որի բանախոսը ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության բաժնի ծրագրերի համակարգող Անահիտ Սիմոնյանն էր։ Նա, անդրադառնալով հատկապես պատանու հոգևոր աճի մարտահրավերներին, ընդգծեց հավատքի, նվիրվածության և դիմակայության կարևորությունը։ Իր խոսքը նա ամփոփեց Եսայի 41.10 համարով. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով», և կոչ արեց մասնակիցներին չվախենալ, քանզի Աստված իրենց հետ է։

 

Հանդիպումը, որ կարծես դարձավ սիրո, միասնության և հոգևոր աճի մի նոր հարթակ, եզրափակվեց խմբային լուսանկարով: Այն կհիշեցնի համագումարի մասին, որտեղ պատանիները նոր բան սովորեցին, նոր ընկերներ ձեռք բերեցին և հոգևոր աճի նոր մակարդակ սահմանեցին։

Նախորդ
...
X