Հակոբոս 4․13-17 Ուրբաթ | Մարտ 28
Եթե Տերը կամենա, ու ապրենք, այս կամ այն բանը կանենք։ Հակ․ 4․15
ԱՍՏԾՈ ԾՐԱԳՐԵՐԸ
Ես դժվարանում էի կենտրոնանալ իմ աշխատանքային նախագծի վրա, քանի որ անհանգստանում և վախենում էի, որ իմ ծրագրերը չեն իրականացվի։ Բայց անհանգստությունս ծագում էր իմ հպարտությունից։ Ես մտածում էի, որ իմ ժամկետներն ու ծրագրերը լիովին ճիշտ են ու կատարյալ, ուստի ցանկանում էի, որ դրանք իրականություն դառնան։ Բայց մի պահ կանգ առա ու ինքս ինձ հարցրի. «Արդյո՞ք իմ ծրագրերը համապատասխանում էին Աստծո ծրագրերին»։
Խնդիրը պլանավորելու մեջ չէր. Աստված մեզ կոչ է անում լինել իմաստուն մեր ժամանակը, կարողությունները և միջոցները կառավարելու հարցում։ Խնդիրը հպարտությունս էր։ Ես կենտրոնացել էի իրադարձությունների զարգացման իմ պատկերացումների և ցանկությունների վրա, ոչ թե Աստծո Խոսքի և կամքի։
Հակոբոսը մեզ կոչ է անում ասել. «Եթե Տերը կամենա, ու ապրենք, այս կամ այն բանը կանենք» (Հակ. 4․15)։ Պլանավորել ու ծրագրեր կազմել պետք է ոչ թե ինքնավստահությամբ, որ մենք ամեն ինչ գիտենք և վերահսկում ենք, այլ՝ Աստծո իշխանությանը և իմաստությանը ենթարկվելով։ Ավելին, մենք նույնիսկ չգիտենք, թե «վաղն ինչ կլինի»։ Մեր մարդկային բնությամբ մենք թույլ ու անզոր ենք, իսկ մեր կյանքը՝ «մի գոլորշի է, որ մի կարճ ժամանակ երևում է, իսկ հետո անհետանում» (հ. 14)։
Միայն Աստված ունի իշխանություն մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Սուրբ Գրքի, մարդկանց և իրադարձությունների միջոցով Նա ամեն օր առաջնորդում է մեզ՝ համապատասխանեցնելով ամեն բան Իր կամքին և ճանապարհներին։ Մեր ծրագրերը պետք է հիմնված լինեն ոչ թե մեր սեփական սկզբունքների, այլ՝ Աստծո կամքի վրա։
Ի՞նչ ռիսկերի կարող ենք բախվել, եթե պլաններ կազմենք առանց Աստծո առաջնորդության։ Ինչպե՞ս կարող ենք պլաններ կազմել, որոնք կհամապատասխանեն Նրա կամքին։
Աղոթք – Տե՛ր, տո՛ւր ինձ հնազանդության հոգի, որ կարողանամ մի կողմ դնել իմ ծրագրերը և ընդունել Քո կամքն իմ կյանքում։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դատավորներ 4-6, Ղուկաս 4․31-44