.
2025թ., Մարտի 31

Ա Տիմոթեոսին 1․12-17                                                                      Երկուշաբթի   |   Մարտ 31

 

 

Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։ Ա Տիմ․ 1․15

 

ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ՔՐԻՍՏՈՍԻՆ

 

Էրիկ դեռ մանկուց դժվար կյանք էր ապրել։ Ունենալով մաշկային խնդիրներ՝ հաճախ էր ծաղրվում դպրոցում, որի հետևանքով էլ դժվարություններ ուներ նաև ուսման մեջ։ Նա որոշեց ուժերը փորձել սպորտի մեջ, սակայն անարդարությունները հիասթափեցրին նրան և մարզումներից նույնպես հրաժարվեց։ Հոգու դատարկությունը լցնելու համար Էրիկը հայտնվեց կասկածելի շրջապատում, որի արդյունքում գնաց վնասակար կախվածությունների ճանապարհով։

Բայց ամեն ինչ փոխվեց այն օրը, երբ մի ծանոթ քրիստոնյա Էրիկին հրավիրեց եկեղեցի։ Այնտեղ նա խորապես զգաց Աստծո ներկայությունը, ինչը շրջադարձային եղավ։ Հաջորդ օրը նա կրկին գնաց եկեղեցի, և Աստծո Խոսքն ընդմիշտ ամրացրեց նրա հավատքը․ «Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթ․ 5․17)։ Այդ օրվանից Էրիկը երբեք չվերադարձավ իր անցյալին։

Սողոսը, ով հետագայում հայտնի դարձավ որպես Պողոս առաքյալ, իր կյանքի մեջ նույնպես ունեցավ շրջադարձային փուլ։ Նա ինքն իրեն կոչում էր մեղավորներից առաջինը (Ա Տիմ․ 1․15)։ Իր նախկին կյանքում նա եղել էր «հայհոյիչ, հալածող ու անարգող» (հ․ 13)։ Բայց հենց այսպիսի մարդկանց համար Հիսուսը եկավ։ Նա եկավ նաև մեզ համար: Աստվածաշունչն ասում է. «Բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից» (Հռոմ․ 3․23)։ Մենք բոլորս հենց այդ մարդիկ ենք, ովքեր պետք են Հիսուս Քրիստոսին, և ում Նա փնտրում է։

 

Ինչպե՞ս ենք զգացել Աստծո ներման զորությունը մեր կյանքում։

Ի՞նչ նշանակություն ունի այսօր Հիսուսի զոհը մեզ համար։

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ միշտ հիշել, որ Հիսուս Քրիստոսի թափած արյունը մաքրում է մեզ ամեն տեսակի մեղքից։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Դատավորներ 11-12, Ղուկաս 6․1-26