Հովհաննես 11․17-44 Երեքշաբթի | Ապրիլ 1
Հիսուսն արտասվեց…։ Հովհ․11․35
ՍԻՐՈ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ
Շաբաթ երեկոյան, երբ հրաժեշտ էի տալիս աղջիկներիս, սիրտս ծանրացավ։ Չէի պարկերացնում, որ երկրորդ անգամ՝ առանց նրանց, դատարկ տուն վերադառնալն այսքան դժվար կլինի։ Նախկինում նրանք ուսանում էին համալսարանում, իսկ հիմա՝ գտել էին իրենց երազած աշխատանքը։ Ինչպե՞ս նրանց թողնել հեռու քաղաքում ու վերադառնալ մի վայր, որտեղ չեմ լսի նրանց ձայները, չեմ տեսնի նրանց ստեղծած ամենօրյա խառնաշփոթը... Զգացմունքներս միախառնվել էին։
Երբ Հիսուսը եկավ Բեթանիա՝ Մարիամի և Մարթայի մոտ, Նրա սիրտը նույնպես լի էր հակասական զգացմունքներով։ Նա արդեն գիտեր, որ Հայրն Իր միջոցով մեծ հրաշք է գործելու (Հովհ. 11․4, 11), և որ Ղազարոսը պիտի հարություն առնի (հ. 33-34)։ Այդ պատճառով, երբ քույրերը Նրան կանչեցին, Նա չշտապեց (հ. 6)։ Սակայն, երբ վերջապես եկավ, խորապես զգաց նրանց ցավն ու վշտացավ նրանց հետ։ «Հիսուսն արտասվեց» (հ. 35). սա Սուրբ Գրքի ամենակարճ, բայց միևնույն ժամանակ ամենախորիմաստ համարներից է։ Տերը չցուցաբերեց թուլություն, երբ արցունք թափեց. Նա արտահայտեց Իր մարդկային վերաբերմունքն ու անսահման սերը։ Իսկ հետո հայտնեց նաև Իր աստվածային զորությունը՝ հարություն տալով Ղազարոսին։
Երբեմն ամենամեծ սերն արտահայտվում է ոչ թե խոսքով, այլ լուռ ներկայությամբ. պարզապես լինել վիշտ ապրող մարդու կողքին, կիսել ցավն ու լռել՝ դա արդեն մխիթարանք է։ Իմ դուստրերը դա զգացին այն երեկո, երբ ես արցունքներով հրաժեշտ էի տալիս նրանց։ Ինչքա՜ն մեծ մխիթարություն է իմանալ, որ մեր Երկնային Հայրը նույնպես միշտ մեր կողքին է, զգում է մեր վիշտը և կիսում մեր ցավը։
Ինչպե՞ս կարող ենք այսօր արտահայտել մեր սերը որևէ մեկի հանդեպ։
Ինչպե՞ս ենք մեր կյանքում զգացել Աստծո սերն ու կարեկցանքը։
Աղոթք – Հա՛յր, շնորհակալ եմ անսահման սիրուդ համար: Օգնի՛ր կարեկցել ու նույն սիրով վերաբերվել մյուսներին։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դատավորներ 13-15, Ղուկաս 6․27-49