.
2025թ., Ապրիլի 2

Ղուկաս 15․17-24                                                                           Չորեքշաբթի   |   Ապրիլ 2

 

 

Որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց։ Ղուկ․ 15․24

 

ԱՄԵՆ ԲԱՆ ՆԵՐՎԱԾ Է

 

Էռնեստ Հեմինգուեյն իր պատմվածքներից մեկում նկարագրում է իսպանացի մարդու պատմություն, ով ցանկանում էր հաշտվել իր որդու հետ։ Նա տեղական թերթում հրապարակեց հետևյալ հայտարարությունը. «Պակո՛, արի հանդիպենք երեքշաբթի օրը, կեսօրին, «Մոնտանա» հյուրանոցում։ Ես քեզ արդեն ներել եմ»։ Երբ հայրը եկավ հյուրանոց, այնտեղ մեծ բազմություն էր հավաքված. ութ հարյուր հոգի՝ Պակո  անունով, եկել էին հույսով, որ կստանան իրենց հայրերի ներումը։

Այս հուզիչ պատմությունը, որ վկայում է ներելու կարիքի մասին, հիշեցնում է այն առակը, որը պատմեց Հիսուսն իր աշակերտներին։ Առակի մեջ մի երիտասարդ տղա թողնում է հորը և մեկնում «գեղեցիկ կյանք» փնտրելու, սակայն շուտով դժվարության մեջ է հայտնվում (Ղուկ. 15․13-14): Որոշ ժամանակ անց նա սթափվում է և որոշում տուն վերադառնալ (հ. 17): Հայրը,  հեռվից տեսնելով որդուն, վազելով ընդառաջ է գնում՝ նույնիսկ չթողնելով նրան ներողություն խնդրել (հ. 20): «Իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց», – ասում է նա ուրախությամբ (հ. 24): Առակում հայրը խորհրդանշում է Աստծուն, որդին՝ մեզ, իսկ խնջույքը, որը հայրը կազմակերպում է իր որդու վերադարձի առթիվ, արտացոլում է այն ուրախությունը, որ գալիս է, երբ մենք վերադառնում ենք Հայր Աստծո մոտ:

Ներումը մեղավոր հոգուց հեռացնում է ծանրությունը, բայց որպեսզի այն իսկապես ազդեցություն ունենա, պետք է այն ընդունել։ Հեմինգուեյը չի նշում՝ արդյո՞ք հայրը գտավ իր Պակոյին, սակայն ավելի կարևոր հարցն այս է՝ գտե՞լ է արդյոք Երկնային Հայրն Իր կորած զավակներին։ Նրա ձեռքերը բաց են, պատրաստ են մեզ ընդունելու։

 

Ի՞նչ կզգայինք, եթե Պակոյի հոր տեղը լինեինք:

Ի՞նչը կարող է խոչընդոտել մեզ՝ Աստծո ներումն ընդունել:

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր,գիտեմ իմ սխալներն ու հանցանքները, գիտեմ նաև, որ ներել ես ինձ, ինչը խորն ազդեցություն է թողել ինձ վրա. ես ընդունում եմ այն ամբողջ սրտով և շնորհակալություն եմ հայտնում Քեզ։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Դատավորներ 16-18, Ղուկաս 7․1-30