.
Դասընթաց ՀԱԵ հովիվների և ՔԴ ծառայողների համար

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու 2025թ.-ի առաջին «Վերնատունը» տեղի ունեցավ մարտի 27-28-ը՝ ՀԱԵ Բաղրամյան 18-ում։
Ընդհանուր թեման էր՝ «Թագավորական Քահանայություն, Ընտրյալ Ժողովուրդ»։ Խոսնակը՝ վերապատվելի Կալվին Սաղրյանը, հատուկ այդ նպատակով հրավիրվել էր ԱՄՆ-ից։

Ընդհանուր առմամբ, հինգ ենթաթեմաների միջոցով, նա անդրադարձավ հետևյալ հարցերին.

  • Ո՞րն է Աստծո տեսիլքը եկեղեցու համար (Գործք Առաքելոց 2․42-47)։
  • Ինչպիսի՞ն պետք է լինի հովվի դիրքորոշումն Աստծո գահի առաջ (Եսայի 6)։
  • Ի՞նչ է նշանակում «լինել արժանի մեր կոչմանը» (Հայտնություն 4)։
  • Ինչպե՞ս է կառուցվում Աստծուն նվիրվածությունը (Հռոմեացիներին 11․33-12․2)։

Հանդիպման վերջին օրը Վեր. Սաղրյանը, Պողոս առաքյալի՝ Թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին նամակի օրինակով, անդրադարձավ եկեղեցու հիմնադրմանը, խնամքին, հոգևոր ընթացքին և հիմնական առաքելությանը։ Աստծո Խոսքի ուսումնասիրությունը նա համեմում էր իր հովվական փորձառության խոսուն օրինակներով։

Հանդիպումը հագեցած էր նաև միասնական պաշտամունքներով և փոքր խմբերում աղոթքի պահերով։
Այս «Վերնատունը» հերթական անգնահատելի ներդրումն էր ՀԱԵ հովիվների հոգևոր կրթության գանձանակում։ Վեր. Սաղրյանն իր պատրաստվածությամբ և Աստծո Խոսքը խոնարհությամբ փոխանցելու պատրաստակամությամբ ևս մեկ անգամ հիշեցրեց.

«Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։ Որովհետև դուք ժամանակին ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդ եք, որ ողորմություն չէիք գտել, բայց հիմա արժանացել եք ողորմության» (Ա Պետրոս 2․9-10):

Դասընթաց ՔԴ ծառայողների համար

«Վերնատան» վերջին օրը հովիվներին միացան նաև ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության պատասխանատուները։ Վերապատվելի Սաղրյանը նրանց համար խոսեց առաջնորդության կարևորության և սուրբգրային սկզբունքների մասին։ Մատթեոս 9․35-38 հատվածից ելնելով՝ նա օգնեց հասկանալ, թե ինչպես պետք է ձևավորվի աշակերտության տեսլականը, անդրադարձավ Քրիստոսի ծառայության բնութագրին, դրդապատճառին և նպատակին։

Դասընթացի երկրորդ բաժնում խոսնակն անդրադարձավ Հիսուսի՝ աշակերտելու պատվերին (Մատթեոս 28․19-20)։
Մեջբերելով աստվածաշնչյան մի շարք օրինակներ (Բ Տիմոթեոսին 2․2, 3․10, Փիլիպպեցիներին 4․9, Ա Կորնթացիներին 11․1)՝ վերապատվելին բացատրեց.

  • Ի՞նչ է աշակերտությունը։
  • Ինչպե՞ս կիրառել ծառայության փիլիսոփայությունը երիտասարդական խմբերում։
  • Ինչպե՞ս ցուցաբերել համապարփակ մոտեցում։

Թեման ամփոփվեց Հիսուսի աշակերտության մեթոդով (Մարկոս 1․14-20, 3․13-ից սկսած, 3․34-35, 6․6)։ Մատուցված տեսական գիտելիքը խոսնակն ամրապնդում էր գործնական աշխատանքներով։

Վերջին թեման վերնագրված էր «Ինչպե՞ս աշակերտել»։ Խոսելով Բ Տիմոթեոսին 3․10 – 4․2 հատվածի շուրջ՝ վերապատվելին անդրադարձավ աշակերտության նպատակին ու առաքելությանը։ Փիլիպեցիներին 4․9 հատված  օգնեց հասկանալ, որ աշակերտության մեջ կարևոր են կարգապահությունը, բնավորությունը և վարդապետությունը։

Պատասխանելով «Ինչպե՞ս» հարցին՝ Վեր. Սաղրյանը գործնական քայլեր առաջարկեց։ Նա հիշեցրեց Պողոս առաքյալի օրինակը (Բ Տիմոթեոսին 3․10-11)՝ ընդգծելով, որ Աստված չի ուզում, որ լինենք հոգևոր ջրամբար (ինչպես Մեռյալ ծովը), այլ՝ Նրա սիրո և ճշմարտության հոսքը։

 

 
Նախորդ
...
X