Ելք 15․22-27 Հինգշաբթի | Ապրիլ 3
Մովսեսն աղաղակեց Տիրոջը։ Ելք 15․25
ՄԻ՛ ՏՐՏՆՋԱՑԵՔ ՏԻՐՈՋ ԴԵՄ
Ալեքսն աղոթեց՝ խնդրելով Աստծուն, որ օգնի ատամների բուժման համար անհրաժեշտ գումարը գտնելու հարցում։ Շատ չանցած՝ նրա հաշվին անսպասելի կերպով գումար փոխանցվեց ապահովագրական ընկերությունից։ Սակայն առջևում դեռ մեկ այլ ընթացակարգ կար, որը պահանջում էր ավելի մեծ ծախս։ Ալեքսը մտածում էր` որտեղի՞ց գտնել այդ գումարը։ Տանջալից մտքերն ու անհանգստությունը նրան հանգիստ չէին տալիս։
Սակայն, երբ հերթական վճարումը կատարելու ժամանակը եկավ, նա անսպասելիորեն հարազատ մարդու կողմից ստացավ նվեր՝ գումարի տեսքով։ «Այդ պահին ամոթ զգացի,- կիսվում է Ալեքսը,- Աստված արդեն օրհնել էր ինձ գումարով, ես պետք է չդժգոհեի, այլ պետք է նորից աղոթեի ու խնդրեի Նրան օգնել ինձ»։
Սուր կոչվող անապատը մտնելուց առաջ Իսրայել ժողովուրդը տեսավ Տիրոջ հրաշքը Սև ծովի ափին։ Այնուամենայնիվ, Աստծո օգնությունը մոռացված էր. նրանք սկսեցին բողոքել ջրի բացակայությունից (Ելք 15․22-24): Եբրայերենում «տրտնջալ» բառը նշանակում է ապստամբություն Աստծո դեմ: Իսրայելացիների այս պահվածքը սարսափելիորեն տարբերվում էր Մովսեսի արձագանքից, ով իր հուսահատությունն արտահայտեց Աստծուն դիմելով (հ. 25): Աստված անմիջապես պատասխանեց. ջուր տվեց իր ժողովրդին (հ. 25-27):
Բարդ և դժվար ժամանակներում մենք պետք է ոչ թե տրտնջանք, այլ դիմենք Աստծուն, ինչպես դա արեց Մովսեսը։ Աստծո օգնությունը կարող է գալ՝ որպես հրաշագործ փրկություն, նյութական ապահովում, մարդկանց կողմից աջակցություն կամ ուժ, բայց մենք պետք է վստահ լինենք, որ Տերը լսում է մեզ և հոգ է տանում մեր մասին։
Ինչպիսի՞ իրավիճակներում ենք հաճախ տրտնջում Տիրոջ առաջ:
Սովորե՛նք դիմել Նրան՝ օգնություն խնդրելով և վստահելով:
Աղոթք – Հա՛յր, Դու հոգ ես տանում իմ մասին ամեն օր: Օգնի՛ր ինձ հավատով դիմել Քեզ և վստահել դժվար ժամանակներում։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Դատավորներ 19-21, Ղուկաս 7․31-50