.
2025թ., Ապրիլի 4

Հայտնություն 5․4-14                                                                                 Ուրբաթ   |   Ապրիլ 4

 


 

Երբ գիրքը վերցրեց, չորս կենդանիներն ու քսանչորս երեցներն ընկան Գառան առաջ. և յուրաքանչյուրն ուներ քնար ու խնկով լի ոսկե բուրվառ, որ սրբերի աղոթքներն են։ 

Հայտ․ 5․8


ԱՍՏԾՈ ԳԱՆՁԵՐԸ


Հայրս իր պահարանի մի անկյունում խնամքով մի դանակ էր պահում, մինչև այն հանձնեց ինձ: «Սա միակ հիշատակն է, որ ինձ մնացել է հորիցս», – ասաց նա։ Պապս հեռացել էր վաղ, երբ հայրս դեռ փոքրիկ էր, ու այդ դանակը նրա համար ոչ միայն հիշողություն էր, այլև կապ անցյալի, ընտանիքի ու սրտում պահպանված սիրո հետ։ Սա ընդամենը գրպանի մի հին դանակ էր՝ ժամանակի հարվածներից մաշված ու խամրած։ Շեղբը կոտրված էր, բռնակը՝ անցքերով, սակայն այն շատ ավելին էր, քան պարզապես գործիք։

Աստվածաշունչը մեզ հայտնում է, որ Աստված ևս ունի անսովոր և առաջին հայացքից աննշան թվացող գանձ։ Հայտնության գրքում նկարագրված էր երկնային գահը, որի առաջ կանգնած են «չորս կենդանիները» և «քսանչորս երեցները»։ Նրանք խոնարհվում են Հիսուս Քրիստոսի առջև (Հայտ. 5․4-5)՝ իրենց ձեռքին պահելով «քնար ու խնկով լի ոսկե բուրվառ, որ սրբերի աղոթքներն են» (հ. 8)։ Հին ժամանակներում բուրվառը թանկարժեք էր և օգտագործվում էր թագավորների ու քահանաների կողմից։ Մեր աղոթքները երբեմն կարող են թվալ փոքր և աննշան, բայց Աստված կամենում է, որ դրանք միշտ բարձրանան Նրա առջև՝ որպես թանկագին ընծա։

Հայտնության գրքի 5-րդ գլխում փառաբանվում են Քրիստոսի անարատ կյանքը և զոհաբերող մահը։ Նրա վեհությունը ցույց է տալիս, թե ինչու է Աստված թանկ գնահատում մեր աղոթքները. դրանք արժեքավոր են, որովհետև մենք թանկ ենք Հիսուսի համար։ Նա սիրում է մեզ անսահման սիրով և կամենում է, որ անկեղծ աղոթքով միշտ մոտ լինենք Իրեն։


Ինչպե՞ս կարժևորենք մեր աղոթքի կյանքը։

Այսօր ո՞ւմ համար կարող ենք աղոթք բարձրացնել առ Աստված։


Աղոթք – Երկնայի՛ն Հայր, Դու արժանի ես «ընդունելու զորություն, հարստություն, իմաստություն, ուժ, պատիվ, փառք և օրհնություն» (Հայտ. 5․12): Ամեն։




Աստվածաշունչը մեկ տարում      |      Հռութ 1-4, Ղուկաս 8․1-25